Արցախ

Պատերազմի հետևանքով ավերված Մարտունիում վերականգնման համար շինարարների կարիք է զգացվում

2 րոպեի ընթերցում

Պատերազմի հետևանքով ավերված Մարտունիում վերականգնման համար  շինարարների կարիք է զգացվում

ՄԱՐՏՈՒՆԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Մարտունու շրջանի բնակավայրերի հրթիռահրետակոծության հետևանքով լրիվ կամ մասնակի վնասվել է ընդհանուր առմամբ 1038 բնակելի տուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը:

«Ընդ որում հիմնովին ավերվել է 20 տուն: Մեծ վնասներ է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այս պահի դրությամբ Մարտունու և հարակից համայնքների էլեկտրամատակարարումը անկայուն և սահմանափակ ժամանակացույցով է իրականացվում: Համեմատաբար քիչ են վնասվել գազատար խողովակները: Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ 60 տոկոսով գազամատակարարումը վերականգնված է: Ընդ որում՝ շրջկենտրոնում հատվածաբար, իսկ գյուղերում՝ գրեթե ամբողջությամբ: Ավերված շենք -շինությունների վերականգնման համար ներկայումս պայմանավորվածություններ ունենք երկու շինարարական կազմակերպությունների հետ, սակայն դեռևս շինարարական աշխատուժի պակաս զգացվում է: Հակառակորդի հրետակոծության հետևանքով համեմատաբար քիչ վնասներ են կրել գյուղական բնակավայրերը, որոնց ենթակառուցվածքները վերականգնվել են, իսկ բնակիչները մեծամասամբ վերադարձել են: Այս պահի դրությամբ 2000 բնակիչ է վերադարձել նաև Մարտունի քաղաք : Մյուսները սպասում են բնակարանային խնդրի լուծմանը կամ վերադարձի ճանապարհին են: Բնակարանային ապահովման խնդիրը ժամանակավորապես փորձում ենք լուծել վարձակալման եղանակով: Դեկտեմբերի 1-ին շրջանում բացվել են 7 համայնքների դպրոցները, իսկ այսօր ևս 5-ը: Մարտունու ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերի բնակիչները հիմնականում ապաստանել են շրջանի մյուս բնակավայրերում, Ստեփանակերտում, մասամբ նաև Հայաստանի Հանրապետությունում: Փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց՝ գոնե նվազագույն միջոցներով ապահովելու հարցում: Շուտով կպահեստավորենք նաև սննդամթերք բնակչությանը տրամադրելու համար»,- ասաց Վադիմ Դանիելյանը՝ հավելելով, որ պահեստավորել են նաև անհրաժեշտ ծավալով շինանյութ և աշխատուժի առկայության դեպքում վերականգնման աշխատանքները եռուն ընթացք կստանան:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում