Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում գործընթացների սկսելու ժամանակն է

Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում գործընթացների սկսելու ժամանակն է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նոյեմբերի 11-ին նամակով դիմել էր Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Հայաստանի եւ էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպն ու այլ շարունակական խախտումները։ Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը եւ գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել կոնվենցիայով սահմանված կարգով: Այս եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտման հետ կապված հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ։

-Ադրբեջանի որդեգրած հայատյաց քաղաքականությունն ու գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի պահանջները: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։

-Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանի Հանրապետությանը պատասխանատվության կանչելու ուղղությամբ ձեռնարկել է առաջին քայլերը։ Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել Հայաստանի եւ էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպն ու այլ շարունակական խախտումները։ Այս քայլը միտված է Միջազգային արդարադատության դատարան դիմում ներկայացնելուն։

Ադրբեջանի կողմից տարիներ ի վեր կազմակերպված հայատյաց քաղաքականությունը պատերազմական հանցագործությունների հիմք է հանդիսանում։ Եթե Ադրբեջանի Հանրապետությունն էթնիկ հայերի նկատմամբ այսպիսի մոլագարությամբ եւ հայատյաց հռետորաբանությամբ հանդես չգար, ապա այսօր չէին լինի պատերազմական այն հանցագործություններն ու ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները, որոնք ինչպես ապրիլյան, այնպես էլ այս պատերազմի ժամանակ տեղի ունեցան։ Պետական պաշտոնյաների կողմից գեներացված ատելության խոսքը մեծ նշանակություն ունի հասարակության տրամադրվածության վրա։ Մասնավորապես, Նյուրենբերգյան դատավարության ժամանակ Յուլիուս Շտռայխեռը մեղադրվում էր գերմանական հասարակության մեջ իր թերթի՝ «DER     STÜRMER»-ի միջոցով ատելություն սերմանելու եւ դրանով պատերազմական հանցագործություններին նպաստելու մեջ։ Դատարանն իր վճռում Շտռայխեռի թերթը բնութագրել էր որպես թույնի ներարկում գերմանական հասարակության մեջ։

Ռուանդայի ցեղասպանության ժամանակ գոյություն ուներ առանձին ռադիո ալիք՝ «RTLM», որը հանդես էր գալիս թութսի էթնիկ բնակչության նկատմամբ ատելության քարոզով։ Այդ ալիքը հետագայում բնութագրվեց որպես Ռադիո Մաչետե, քանի որ այն ուղղորդում էր հուտու էթնիկ բնակչությանը կատարելու ցեղասպանություն։ Այսպիսով՝ ատելության քարոզը ռասայական հողի վրա կարող է հանգեցնել պատերազմական հանցագործությունների ոչ միայն անհատական մակարդակում, այլ նաեւ ավելի մեծ աղետի, որին ականատես ենք լինում այսօր։ Սաֆարովի օրինակը ռասայական խտրականության ամենավառ դրսեւորումն է, երբ Ադրբեջանի իշխանությունները, մեծարելով մարդասպանին, որպես օրինակ են ներկայացնում հասարակությանը՝ այդպիսով դրդելով մյուս անդամներին նույնպես հետեւելու դրան։ Հայաստանի մեր գործընկերներին հաջողվել է արձանագրել ռասայական խտրականության այդ փաստը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ սոցիալական ցանցերը ողողված են ադրբեջանցիների տարաբնույթ սպառնալիքներով եւ ատելության խոսքով։ Այս ամենը հարկավոր է միջազգային ատյաններում ներկայացնել մեկ փաթեթով, որը կհաստատի Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունը։ Այն ի ցույց կդնի, որ անհատական ատելության քարոզը կազմակերպված քաղաքականության արդյունք է, որն ուղղված է թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության եւ թե սփյուռքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ հանցագործություններ կատարելուն։

Այս փաթեթը կարող է օգտակար լինել ոչ միայն Միջազգային արդարադատության դատարանում, այլ նաեւ ռասայական խտրականության դեմ պայքարի թե՛ միջազգային, թ՛ե եվրոպական կոմիտեներում։ Արցախի բնակչության նկատմամբ տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է, եւ որպեսզի հնարավոր լինի ապացուցել մարդկության դեմ հանցագործությունը, հարկավոր է առկա լինեն ապացույցներ Արցախի բնակչության դեմ ուղղված քաղաքականության վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով, որպեսզի կարողանանք անցնել հաջորդ իրավական գործընթացներին, հարկավոր է պարբերաբար արձանագրել ռասայական խտրականության առկայությունը՝ թե իրավական, թե քաղաքական եւ թե հասարակական տիրույթներում։

-Որքանո՞վ են միջազգային դատարաններ դիմելու քայլերը հեռանկարային արդյունքներ գրանցելու առումով։ Ի՞նչ կարող է փոխել միջազգային դատարանի որոշումը արցախյան հարցի կարգավորման համար։

-Հանցագործությունների համար պատասխանատվության համար անհրաժեշտ են բազմաթիվ գործընթացներ։ Միջազգային դատարաններում գործընթացներ սկսելը, առավել եւս այսօր, չափազանց կարեւոր են, սակայն պետք է հաշվի առնվեն նաեւ քաղաքական զարգացումները։ Կարելի է ենթադրել, որ մինչ օրս միջազգային դատարանների ակտիվացումը հակամարտության շրջանակներում տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ դրանք կարող էին խանգարել բանակցային գործընթացին։ Թեեւ այսօր նույնպես կարող են խոչընդոտներ ստեղծել քաղաքական լուծումների համար, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ հակառակորդը ոչ մի ջանք չի խնայում այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Այդ իսկ պատճառով մեր պետությունը նույնպես պետք է այդ գործընթացներում նախաձեռնող լինի։

-Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվել են պատերազմական հանցագործություններ, խախտվել են միջազգային իրավունքի մի շարք նորմեր։ Իրատեսակա՞ն է արդյոք այս հիմքով երկու պետություններին եւ իրենց ղեկավարներին միջազգային քրեական պատասխանատվության կանչելը։

-Տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում եւ քաղաքական հանգամանքները հաշվի առնելով՝ դրանք անիրատեսական են։ Այսօր մենք պետք է կենտրոնանանք անհատական հանցագործությունների վրա, որոնք հիմք են ստեղծում մեծ հանցագործությունն ապացուցելու համար։ Միջազգային քրեական իրավունքում գոյություն ունի վերադասի պատասխանատվության ինստիտուտը։ Դա նշանակում է, որ վերադասը պատասխանատու է այն բանի համար, որ չի կարողացել կանխարգելել, կանգնեցնել կամ պատժել պատերազմական հանցագործությունը։ Շատ դեպքերում սակայն վերադասն ինքն է ձեռնամուխ լինում հացագործությունների կատարմանը՝ օգտագործելով ստորադասին որպես գործիք։ Այդ շղթայական կապը պետք է նույնպես պարբերաբար օգտագործել միջազգային հետապնդումները սկսելու համար։

-Պատերազմից հետո ադրբեջանական կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանից փոխհատուցում պահանջելու հարցը։ Ի՞նչ իրավական հիմքեր կան, եւ արդյո՞ք Հայաստանն ու Արցախը կարող են փոխհատուցում պահանջել Ադրբեջանից։

-Ցանկացած պատերազմից հետո առաջ է գալիս ռեպարացիաների կամ այսպես ասած՝ փոխհատուցումների հարցը։ Սա տեսականորեն հնարավոր է միայն երկու պարագայում, կամ կողմերի համաձայնության դեպքում, կամ միջազգային դատական վճռով։ Միջազգային դատական վճիռը այս պատերազմի համատեքստում դժվար է պատկերացնել, բայց չի բացառվում այն հանգամանքը, որ հետագա բանակցությունների սեղանին դրվի փոխհատուցումների պահանջ։

Այո՛, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները նույնպես կարող են ներկայացնել փոխհատուցումների պահանջ այն համատեքստով, որ հակամարտության 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու դժկամության պատճառով ՀՀ-ն եւ ԱՀ-ն գտնվել են տնտեսական շրջափակման մեջ, որի արդյունքում չեն ունեցել այն զարգացումը, որ կլիներ բաց սահմանների պարագայում։ Նույն կերպ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն պարբերաբար ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով մեծաթիվ վնասներ ենք ունեցել։ Օրինակ՝ Եթովպիայի եւ Էրիտրեայի փոխհատուցումների պահանջների ընթացքում հաշվարկվել էր, որ կողմերը նույն քանակի կորուստներ են կրել, որի արդյունքում որեւէ կողմ մյուսին փոխհատուցում չի տվել։ Այդ իսկ պատճառով պետք է պատրաստվել նաեւ բանակցային սեղանին ՀՀ եւ Արցախի կողմից ներկայացնելու այն կորուստները, որոնք տեղի են ունեցել այս պատերազմի ամբողջ ընթացքում։ ՄԻՊ գրասենյակները հրաշալիորեն արձանագրել են այն կորուստները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 27-ից ի վեր։ Միեւնույն ժամանակ պետք է հետադարձ հայացք ուղղենք հակամարտության սկզբին։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ