Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանն ու Արցախը Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու հիմքեր ունեն

Հայաստանն ու Արցախը Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու հիմքեր ունեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետո ադրբեջանական կողմը Հայաստանից փոխհատուցում պահանջելու հարց է բարձրացնում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Բաքուն կգնահատի Արցախի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Ավելի հեռու է գնացել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի (CIPDH) Ադրբեջանի հանձնակատարի պաշտոնակատար Էլչին Ախունդզադեն՝ առաջարկելով դրամականը փոխարինել տարածքայինով եւ մատնանշել Զանգեզուրը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ պարզաբանելու համար, թե որքանով են հիմնավոր ադրբեջանական կողմի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությունները։ «Ադրբեջանը չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ միջազգային դատարանում է հայցելու, ինչ փաստաթղթերի հիման վրա եւ ինչ ընթացակարգերով։ Հիմնականում Ադրբեջանը մասնավոր, բայց հեղինակավոր իրավաբանական կազմակերպությունների է դիմում՝ մեծ գումարներ առաջարկելով, սակայն շատ կազմակերպություններ հրաժարվում են։ Երբ Ադրբեջանն իրավական գործընթացներում սկսում է կեղծիքներ կառուցել, իրավաբանական գրասենյակները հաճախ հրաժարվում են պաշտպանել այդ երկրի շահերը։ Մենք դա տեսնում ենք Եվրոպական դատարանի վարույթներում»,- ասաց օրաթերթի զրուցակիցը։

Արա Ղազարյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ ապագայում տեղի ունենալիք քննարկումներում թեեւ Ադրբեջանը կարող է ռազմատուգանք պահանջել, բայց Հայաստանն ու Արցախը նույնպես կարող են պահանջել փոխհատուցում մեր բնակավայրերի ռմբակոծման, արգելված զինատեսակների եւ քիմիական զենքի կիրառման, մարդկանց տեղահանման համար։ Հայերն այս ընթացքում ստիպված լքում են իրենց տները, որովհետեւ երկյուղ ունեն, որ եթե մնան, ապա վտանգված կլինեն իրենց կյանքը եւ ֆիզիկական գոյությունը։ Այդ ամենը նախեւառաջ գալիս է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունից, ինչի մասին բացեիբաց խոսում են առանց խորշելու միջազգային հանրության կարծիքից, բայց միաժամանակ փորձում են ներկայացնել ճիշտ հակառակը։

«Իհարկե, միջազգային հանրությունը, մասնավորապես, միջազգային տրիբունալները արձանագրում են հայատյացության առկայությունը որպես հանցավոր քաղաքականություն, եւ Ադրբեջանի փաստարկներն այլեւս չեն անցնում։ Ի վերջո, այդ փաստարկները դրվելու են Ադրբեջանի առջեւ՝ հակակշռելու համար նրանց ներկայացրածը։ Ադրբեջանցիները միշտ փորձում են հայելանման էֆեկտ ստեղծել. եթե մենք ունենք հիմնավոր որեւէ հայց, ապա տեսնում ենք, որ նույնանման հիմքերով իրենք են ներկայացնում, թեեւ փաստական հիմքերը բացակայում են։ Դա արվում է պաշտպանության նպատակով։ Դրան գումարվում է մեդիա դաշտում որոշակի մարտավարության կիրառումը, որով փորձում են ստեղծել միջազգային կարծիք»,- մանրամասնեց փաստաբանը։

Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ի ստորագրած հայտարարությունն արդյո՞ք իրավական առումով հիմքեր ստեղծում է Հայաստանից՝ որպես պատասխանատու սուբյեկտ ռազմատուգանք պահանջելու համար, զրուցակիցս նշեց, որ որոշ հիմքեր իրավական առումով կարող է ունենալ, եթե խոսքը այսպես կոչված ատրիբուցիայի մասին է, այսինքն՝ երբ գործողությունները վերագրվում են միջազգային իրավունքի սուբյեկտին, սակայն մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ զուտ այդ ստորագրության հիմքով հիմնավոր է փոխհատուցում պահանջելը։ Եվրոպական դատարանը Թուրքիային ճանաչել է պատերազմող կողմ, մինչդեռ չկա որեւէ միջազգային դատարանի որոշում առ այն, որ Հայաստանը պատերազմող կողմ էր։ Թուրքիայի մասով կա ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը, որով այդ երկիրը պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունքները։

«Սա ցույց է տալիս, որ այդ երկիրը մասնակցել է հակամարտությանը, այսինքն՝ բոլոր այդ պատերազմական հանցագործոթյունները վերագրվում են նաեւ Թուրքիային։ Չենք մոռանում նաեւ վարձկան-ահաբեկիչների ներգրավման մասին, իսկ եթե ահաբեկիչներ են ներգրավել, հետեւաբար առկա է նաեւ ահաբեկիչների ֆինանսավորման հարցը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ ընդգծելով, որ վարձկանների մասին ապացույցներով խոսել են Ֆրանսիան ու Ռուսաստանը եւ սպառնացել, որ դրանք կներկայացվեն ըստ անհրաժեշտության։ Դա նշանակում է, որ այդ ապացույցները կուղարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով։

Ինչ վերաբերում է այս պատերազմին, ապա, Արա Ղազարյանի գնահատմամբ, Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու ապացուցել, թե բանակցությունների ընթացքում եւ թե դատական գործընթացներում, որ իրենց համար պատերազմի սանձազերծումն ուներ օրինական հիմքեր. դա հարձակողական, ագրեսիվ պատերազմ էր, որը համարվում է միջազգային հանցագործություն։ Այդ համատեքստից բխող դրսեւորում էր նաեւ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը։ Ադրբեջանի կողմից կիրառված պատերազմական մեթոդները նույնպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումների են հանգեցրել, մասնավորապես առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություններ, խոշտանգումներ, արգելված զինատեսակների կիրառում։

«Շատ դժվար է ապացուցել, որ պատերազմը սկսելու եւ վարելու մեթոդները օրինական էին։ Այստեղ Հայաստանն ասելիք ունի, եւ երբ մտնենք կարգավորման դաշտ, կողմերի փաստարկները կդառնան հավասարը հավասարի»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստվում է բացել երկրորդ դատավարական ճակատը Արդարադատության միջազգային ատյանում, որտեղ Հայաստանը ռասիզմի հիմքով ավելի հիմնավոր փաստեր ունի, քան Ադրբեջանը որեւէ այլ հիմքով, որով կփորձի փոխհատուցում պահանջել ՀՀ-ից։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]