Արցախ

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում 

2 րոպեի ընթերցում

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը:

«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ որպես ժողովրդի պատգամավորներ կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություներով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն:

«Ունենք տասնյակ քաղաքապետարններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախի որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը:

Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ժամանակով 16:30-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: Բանաձևը ներկայացրել են սենատորներԲրունո Ռետայոն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին, Գիյոմ Գոնտարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում