Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պղծումը

Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Շուշիի 
Ղազանչեցոց եկեղեցու պղծումը

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ խոտոերեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցու պղծումը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնից։

«Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին։

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում։

Միաժամանակ կոչ ենք ուղղում միջազգային հանրությանն ու միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու համար Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները»,- ասվում է հայտարարության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ