Հասարակական

ԱԺ շենքի դիմաց մոտ ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

2 րոպեի ընթերցում

ԱԺ շենքի դիմաց մոտ ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի դիմաց ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Աղաջանյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հավելել է, որ սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնեն։

Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում ներկայացրել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի Ազգային ժողով և այնտեղ շարունակել իրենց հանրահավաքը: Այդ ընթացքում անհայտ անձի կողմից կիրառվել էր ծխացող նռնակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում