Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանում են Շուշին. Սուրեն Սարումյան

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանում են Շուշին. Սուրեն Սարումյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն ընդգծում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանել են և վճռականորեն պաշտպանում են Արցախի խորհրդանիշերից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարումյանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: 

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել են և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ: Նշեմ, որ այդ հատվածում հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի»,- մանրամասնեց Սարումյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են: «Կա այսպիսի մի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է  գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այլ գործողություններ: Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում մենք մեր ժողովրդից ոչինչ չունենք թաքցնելու, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասաց նա:

Սարումյանի խոսքով՝ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է որոշ ուղղություններում ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, նրան առավել արդյունավետ խոցելու համար: Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու: Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը: Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաները ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշեց Սարումյանը:

Նա հավելեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է ռազմաճակատի մյուս հատվածներում: «Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են ավելի նպաստավոր բնագծեր: Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ, հրետանային միջոցներ»,- ասաց Սուրեն Սարումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am