Տարածաշրջանային

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

«Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, և մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի:

«Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, և արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, և հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում