Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին և երկրորդ նախագահների գրասենյակներն արձագանքել են նրանց՝ Մոսկվա մեկնելու ցանկության լուրին

Առաջին և երկրորդ նախագահների գրասենյակներն արձագանքել են նրանց՝ Մոսկվա  
մեկնելու ցանկության լուրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակաները արձագանքել են նրանց Մոսկվա մեկնելու ցանկության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ilur» կայքէջը, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այդ կապակցությամբ նշել է.

«Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ նշված է, որ Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ նախագահների կողմից, սակայն կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով նա ժամանակավորապես չի կարող մեկնել Մոսկվա:

«Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։  Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։

Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Նա նշել էր, որ վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am