Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». առաջին տեղում կրկին «Վանականն» է. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2020

«Երևանյան բեսթսելեր». առաջին տեղում կրկին «Վանականն» է. 
փաստավավերագրական, սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 40 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը» երկրորդ հորիզոնականում է։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը» երրորդ տեղում է: Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Անի Քոչարի «Հանձնվել չկա» ստեղծագործությունը չորրորդ տեղում է: 2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր է։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն… Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։

Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» հինգերորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողվում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։

Վեցերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Յոթերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Ութերորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Իններորդ հորիզոնականում է Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Տասներորդ տեղում է ամերիկացի նշանավոր փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական և գյուտարար Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գիրքը: Ինչպես և Ռուսոն իր «Խոստովանության» մեջ՝ Ֆրանկլինը ստեղծում է բարոյախրատական էսսե, որի մեջ հաստատվում է լուսավորական դարի իդեալը: 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 278
2 0

Յուվալ Նոյ Հարարի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»

Newmag 145
3 նոր

Յուվալ Նոյ Հարարի

«XXI դարի 21 դասերը»

Newmag 72
4 +3

Անի Քոչար

«Հանձնվել չկա»

Newmag 64
5 -1

Դենիել Գոուլման

«Հուզական ինտելեկտը»

Զանգակ 64
6 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 51
7 +1

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 46
8 -3

Միշել Օբամա

«Becoming.Իմ պատմությունը»

Newmag 39
9 +1

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 36
10 *

Բենջամին Ֆրանկլին

«Ինքնակենսագրություն»

Գրատուն 5



Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ