ՀՀ հարավային սահմանում հայկական կողմը վերահսկում է իրավիճակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն, ընդհանուր առմամբ, վերահսկում են իրավիճակը ՀՀ հարավային սահմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Զինուժ մեդիա»-ի հրապարակած տեսանյութում հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հոկտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերին հարված հասցնելու հանգամանքին:
«Անմիջապես մեր կողմից ֆիքսվեց, բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են: Չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ և տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է»,- նշում է նա:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունն ու առաջիկա քայլերն ու խնդիրները:
«Գիտենք բոլոր իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ, եթե նորից կրկնվեց, բոլորը խոցելու ենք: Չենք թողելու հակառակորդի ոտնձգությունը: ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ ենք ցանկացած վայրկյան, երբ հակառակորդը փորձի պետական սահմանի խախտում իրականացնի, առկա բոլոր ուժերով հասցնենք հուժկու հարված և կիրառենք իր նկատմամբ զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները»,- նշում են հարավային սահմանում ծառայություն իրականացնող բարձրաստիճան սպաները:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: