Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Մարտ

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը:

Սենատորը նշել է, որ այդ երկու բանաձևերը կկանգնեցնեն վաճառքը երկու կառավարություններին, որոնք իրենց անվտանգության ուժերն օգտագործում են անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար:

Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ