Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Ռազմական առումով Հարավային Կովկաս ներթափանցելու Թուրքիայի փորձերը հակադիր են ՌԴ շահերին. թուրքագետ

Ռազմական առումով Հարավային Կովկաս ներթափանցելու Թուրքիայի փորձերը հակադիր են ՌԴ շահերին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայության պարագայում Թուրքիան փորձելու է Ադրբեջանում իր դե-ֆակտո ռազմական ներկայությունը ամրապնդել դե-յուրե՝ այնտեղ ռազմաբազա տեղակայելով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի այն հայտարարությանը, թե եթե Ադրբեջանի կողմից խնդրանք լինի, Թուրքիան չի վարանի զորք ուղարկել ԼՂ հակամարտության գոտի։

«Այսինքն՝ թուրք-ադրբեջանական աննախադեպ զորավարժությունների ժամանակ, Ադրբեջան տեղափոխելով թուրքական զորքը և ռազմատեխնիկան, Թուրքիան փորձում է լիգիտիմացնել ներկայությունը Ադրբեջանում և ռազմական բազա ունենալ այնտեղ»,-ասաց Մելքոնյանը։

Թուրքագետը Թուրքիայի գործողություններում տեսնում է սիրիական սցենարը, որի պարագայում փոխադարձ պայմանավորվածությամբ Սիրիայում թուրքական և ռուսական զորքերը վերահսկում են որոշակի տարածքներ, սակայն թուրքերի այդ ծրագիրը, ըստ Մելքոնյանի, ձեռնտու չէ Ռուսաստանին։

«Սիրիան այլ տարածաշրջան է, Հարավային Կովկասը այլ։ Հարավային Կովկասը ավանդաբար եղել է ռուսական հետաքրքրությունների շրջանակում։ Թուրքիայի փորձերը ռազմական առումով  այս տարածաշրջան ներթափանցել, կարծում եմ, ուղիղ հակադիր են ռուսական շահերին։ Բնականաբար, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»,- ասաց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով՝  ակնհայտ է նաև, որ Թուրքիան կօգտագործի Ադրբեջանին որպես գործիք։ Թուրքագետը չի բացառում, որ Ադրբեջանը, տուրք տալով սադրանքներին, ինքը հանդես կգա Թուրքիային ուղղված խնդրանքով կամ առաջարկով տեղակայել զորքերը Ադրբեջանում։ «Նախ այս քայլով կամրապնդվի Թուրքիայի ձգտումը այս տարածաշրջանում ունենալ ռազմական բազա։ Երկրորդ՝ սա ևս մեկ անգամ կփաստի, որ ադրբեջանական բանակի անհաղթ լինելու մասին միֆերը շատ հեռու են իրականությունից։ Այն, ինչ հիմա կատարվում է սահմանում ոչ թե ադրբեջանական բանակի, այլ թուրք-ադրբեջանական բանակի գործողություններ են։  Այս խնդիրները բարդ քաղաքական վիճակ է ստեղծելու Ադրբեջանում, նաև վտանգելով այդ երկրի սուբյեկտայնությունը, ինչպես նաև էականորեն սահմանափակելով ալիևյան ինքնիշխանության միֆերը»,- եզրափակեց Մելքոնյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ