Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը. ամերիկագետ

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ 
օրենսդրությունը. ամերիկագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:

«Միացյալ Նահանգների կողմից արտադրված զենքն ու զինամթերքը մշտապես շատ լուրջ մոնիտորինգի տակ են գտնվում Միացյալ Նահանգների իշխանության կողմից: Խոսքը,  բնականաբար, այն զինատեսակների մասին է, որոնք վաճառվում են գործընկեր պետություններին: Օրենքը նախատեսում է, որ, եթե ԱՄՆ զենքը, որը ձեռք է բերել գործընկեր պետությունը, պետք է կիրառվի այլ պետության տարածքում, ապա անպայման պետք է լինի Միացյալ Նահանգների նախագահի համաձայնությունը: Այս դեպքում այդ համաձայնությունը չկար»,- ասաց Սարգսյանը:

Ամերիկագետը նշեց, որ F-16 ինքնաթիռները ոչ միայն տեղակայված են եղել Գյանջայի օդանավակայանում, այլև մասնակցել են ռազմական գործողություններին, ավելին՝ դրանցից մեկը խոցել է ՀՀ Զինված ուժերի ռազմական օդանավը, սակայն սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է ԱՄՆ օրենսդրությունը:

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները, որովհետև ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան սկսեց ամերիկյան արտադրության ռազմական օդանավերն օգտագործել Սիրիայի տարածքում, ինչը մեծ սկանդալի պատճառ դարձավ, որովհետև ԱՄՆ նախագահը համապատասխան թույլտվություն չէր տվել»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ամերիկյան կողմն ուսումնասիրություն է անցկացնում դեպքի առնչությամբ, սակայն նշեց, որ այս խախտումն առանձնապես հետևանք չի ունենա Թուրքիայի համար:

«Ամերիկյան կողմից դեռ հայտարարություն չի եղել, որովհետև, վստահ եմ, ուսումնասիրությունների փուլում է գտնվում: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայում էլ կա F-16-ի գործարան, որն աշխատում է ամերիկյան արտոնագրով, բայց ցանկացած դեպքում ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան ծագմամբ ցանկացած տեսակի զենքի կիրառումն այլ պետության տարածքում՝ առանց նախագահի համաձայնության, իսկ F-16-երն ամերիկյան ծագում ունեն, որովհետև լիցենզիայով հավաքվում են Թուրքիայում: Ես կարծում եմ, որ առանձնապես հետևանք չի ունենա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունը»,- ասաց ամերիկագետը:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն` Վալերի Դանելին, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am