Արցախ

Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել

2 րոպեի ընթերցում

Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանում հոկտեմեբերի 13-ին 10 օր պատսպարվելուց հետո երկու զինծառայող է փրկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների վերաբերյալ վերջնական հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, որոնց իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել: Երբ տեսնում ենք, որ որևէ մեկի մասին ինֆորմացիա ընհանրապես չկա կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է լինում, մենք չենք կարող ասել»,-ասաց Հովհաննիսյանը:

Օրինակ բերելով մի դեպք՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել:

«Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ոչ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել:

«Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում: Մենք և՛ աշխարհի հետ, և՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում»,- ասաց Հովհաննիսյանը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում