Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն

Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն 
Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Sunday Times-ում հրաապարակված հոդվածում Դոմինիկ Լոուսոնը անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Արցախի դեմ, միևնույն ժամանակ զարմանք արտահայտել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին պատրաստ է մատնանշել միայն Ֆրանսիան, իսկ Բրիտանիայի լռությունը որակել է ամոթալի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թուրքիայի խաղը մահաբեր է, և այս մասին լավ գիտի Բորիս Ջոնսոնը» վերնագրով հոդվածում հեղինակը նկատել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսնում է միայն քաղաքական շահ` հազարավոր ջիհադիստների ուղարկելով դեպի Ադրբեջանի բանակ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ և Արցախի մայրաքաղաքի բնակչության դեմ գործի դնելով անօդաչու թռչող սարքեր և Հայաստանի օդային տարածքում օգտագործելով կործանիչ ինքնաթիռներ: Դոմինիկ Լոուսոնը հիշեցրել է պատմական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշիռ մասը միշտ եղել են հայեր, Ստալինը ժամանակին այն հատկացրել է այդ ժամանակվա Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Սակայն Խորհրդային Միության լուծարման ժամանակ Արցախի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին: Նա նկատել է, որ դրա արդյունքում պատերազմ է եղել, զոհվել են հազարավոր մարդիկ, սակայն Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերական խաղաղություն էր հաստատվել՝ մինչև երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները:

«Լիովին նոր է արտաքին տերության՝ Թուրքիայի անմիջական ներգրավումը նախկինում զուտ տեղական հակամարտության մեջ: Դա Էրդողանի վճռականության վերջին օրինակն է՝ դառնալու իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավորը ցանկացած հակամարտության մեջ՝ Օսմանյան կայսրության նախկին հատվածում: Նա նույնն է արել Սիրիայում, Լիբիայում և հիմա՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ-ի անդամի կողմից, սակայն միայն Ֆրանսիայի կառվարոթյունն է պատրաստ դա մատնացույց անել»,- գրել է նա:

Նա նկատել է, որ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է դեռ անցյալ շաբաթ հրապարակավ բացահայտել, որ Անկարան հազարավոր վարձկան իսլամիստների է բերում, ներգրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Բրիտանական լռությունը նա որակել է ամոթալի: Դոմինիկ Լոուսոնը նկատել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը եղել է թուրք լրագրող և թերթի խմբագիր, որը մտել է քաղաքականություն և դարձել Օսմանյան ներքին գործերի նախարար: Հեղինակը նկատել է, որ նա, գուցե ավելին, քան ցանկացած այլ օսմանյան հասարակական գործիչ, վճռական է եղել արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների հազարավոր ոճրագործներին: 1919 թ. Ջոնսոնի նախապապը գրել է. «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լցված է ապուշներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, մենք արտաքսել և կոտորել ենք... կատարվել է պատմականորեն եզակի հանցագործություն. հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Դոմինիկ Լոուսենը նկատել է, որ հենց այս արտահայտություններն են հանգեցրել Քեմալի առեւանգմանը ստամբուլյան վարսավիրանոցից մեկից: Մի պատմությունունում նկարագրված է, թե ինչպես է «նրա արյունով ծածկված մարմինը կախան հանվել և մարմնի վրա եղել է եղել է հետևյալ գրությունը՝ «Արթին Քեմալ»: «Բանն այն է, որ «Արթինը» հայկական անուն է. մարդասպանների կարծիքով՝ սա նրա դիակի վրա գրելը վերջնական վիրավորանքի ձև էր»,- գրել է հեղինակը:

Նա նշել է նաև, որ որքանով տեղյակ է՝ Բորիս Ջոնսոնը հպարտ է իր թուրքական արմատներով, և երբ դարձել է վարչապետ, թուրքական մամուլում նրան անվանել են «օսմանյան թոռ»: Հեղինակը նկատել է, որ  նա երբեք հանրության առջև չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին: «Ես խիստ կասկածում եմ նաև, որ նա դա արել է սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցում, որի ընթացքում, ըստ ամենայնի, շոշափվել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները»,- գրել է Դոմինիկ Լոուսոնը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am