Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պարտավորությունները. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պարտավորությունները. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Արտակ Ներսիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի, Մարտունիի և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծումը:

«Դատապարտում ենք պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հարձակումները, մասնավորապես՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորումը՝ հրթիռահրետանային զինատեսակնետրի կիրառմամբ։ Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները»,- նշեց Ներսիսյանը:

Հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am