Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ-ն ոչնչացնում է խմբին
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:
«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,-նշում են Արցախի ՊՆ-ից:
Ըստ պայմանավորվածության՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ: