Արցախ

Ամենքս դեպի մեր խրամատը. Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրի հայրենակիցներին

2 րոպեի ընթերցում

Ամենքս դեպի մեր խրամատը. Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրի հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրում ապրող հայրենակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ այս օրերին բոլոր հայերը դիմակայում են չարիքին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը:

«Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու մենք չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, մենք ունենք սփյուռք: Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ է ստանում արտերկրի հայրենակիցներից, ովքեր հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել:

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ himnadram.org և ԱՄՆ-ի տարածքից՝ armeniafund.org կայքերի միջոցով:

«Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում: Ամենքս դեպի մեր խրամատը: Ի գո՛րծ»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում