Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Այսօր վճռվում է մեր ապագան. Արցախի նախագահի խոսքը հատուկ նշանակության ստորաբաժանումներին

Այսօր վճռվում է մեր ապագան. Արցախի նախագահի խոսքը հատուկ նշանակության 
ստորաբաժանումներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մինչև մարտի դաշտ մեկնելը, գիշերվա ընթացքում հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արայիկ Հարությունյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր վճռվում է մեր ապագան, այս երկրում ապրելու հայ ժողովրդի իրավունքը:

«Մենք հարյուրամյակների ամենաճակատագրական ժամանակն ենք ապրում: Հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում: Մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլև հայ ազգի ապագան: Ուզում եմ բոլորդ կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս Հայրենիքում որպես արժանի զավակներ: Համոզված եղեք, հաղթելու ենք: Մենք ավելի դժվար ժամանակ ենք ունեցել 90-ականներին: Այն ժամանակ հաջողվել է, այսօր ևս հաջողվելու է: Այսօր ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքն է որոշվում: Մենք ունենք առաքելություն մեր ազգի և սերունդների առջև»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ հանդիպել է եզդի եղբայրների հետ, նրանք նույնպես առաջնագծում են՝ պահպանելու հայրենի հողը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նաև միջազգային հանրությունն է համախմբվել՝ գիտակցելով այն մեծ չարիքը, որը սկիզբ է առել տարածաշրջանում:   

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]