Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Լավրովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը քննարկել են ԼՂ իրավիճակը

Լավրովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը 
քննարկել են ԼՂ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 30-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի միջև:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, կողմերի և այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը:

Աջակցություն է հայտնվել սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հատուկ հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով դադարեցնել հետագա էսկալացիան: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ