Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Գրիգոր Պետրոս Ի-ն ՀՀ վարչապետին ուղղված նամակում իր զորակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին

Գրիգոր Պետրոս Ի-ն ՀՀ վարչապետին ուղղված նամակում իր զորակցությունն է հայտնել 
Արցախին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր զորակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նամակում գրել է, որ համակ ուշադրությամբ և մտահոգությամբ են հետևում և շարունակում են հետևել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը, ինչը մարդու իրավունքների և միջազգային կանոնների խախտում է:  «Մտահոգությամբ հետևում ենք Արցախի վրա կատարված հարձակման սպառնալից զարգացումներին նաև Հայաստանի ուղղությամբ: Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի և Հայաստանի մեր քույրերին և եղբայրներին, քաջարի բանակին և այն բոլոր միջոցառումներին, որոնք նախաձեռնում եք Մայր Հայրենիքի և Արցախի անվտանգության ապահովման համար: Վստահեցնում ենք, որ մեր շփումներով և մեր  խոսակցություններով ուշադրություն պետք է հրավիրենք ադրբեջանական հարձակումների շարունակման հետևանքով ստեղծված վտանգավոր իրավիճակի և խաղաղության վերահաստատման  համար անհրաժեշտ միջամտությունները կատարելու կարևորության վրա»,-ասվում է նամակում:

 Գրիգոր Պետրոս Ի-ն ընդգծել է, որ աղոթում են և խնդրում են Ամենակարողին օգնել խաղաղության վերահաստատել  բոլոր ազգերի միջև  և իր հովանու տակ պահել ու պաշտպանել  իրեն հավատարիմ առաջին քրիստոնյա  ազգի զավակներին, մխիթարել  զոհերի հարազատներին և  շուտափույթ, ամբողջական  ապաքինում տալ վիրավորներին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ