Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Այս պատերազմում պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, ազատությունը. Սաթի Սպիվակովա

Այս պատերազմում պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, 
ազատությունը. Սաթի Սպիվակովա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի համար այս դժվարին պահին աջակցության բազմաթիվ խոսքեր են հնչում աշխարհի տարբեր ծայրերից:

Անմասն չի մնացել նաև հանրահայտ դերասանուհի, հաղորդավար, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, որը կարծում է` հայերն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պաշտպանում են իրենց ժողովրդին, արժանապատվությունը, ազատությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սպիվակովան կիսել է իր հույզերն ու ապրումները` նշելով, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և դատապարտում է հայերի դեմ ուղղված ագրեսիան:

«Իմ սերունդը` երեխաները, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում, հիշում են «միայն թե պատերազմ չլինի» արտահայտությունը: Մենք հավատում էինք այդ բառերին, և մեզ թվում էր` հերիք է բոլորը բարեկամաբար ցանկանան, և պատերազմ չի լինի: Բայց անգամ, այս դարում արդեն որերորդ անգամ պատերազմը վերադառնում է` դաժան, անճոռնի և անմարդկային»,-շեշտում է Սպիվակովան:

Նա հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախում կրկին պատերազմ է սկսվել. բանականությունը հրաժարվում է հավատալ դրան: «Բանականությունը մեզ տարբերում է կենդանիներից, սակայն երբեմն կենդանին առավել բանական է, քան մարդը: Պատերազմը չի կարող սկսվել տարերայնորեն, ինչպես փոթորիկը: Այն ծրագրում են, դրան նախապատրաստվում են, դրա համար կանաչ լույս են վառում»,-նշում է հաղորդավարը:

Պատերազմում զոհվում են մարդիկ, որոնք ընտանիք ունեն, երեխաներ, ծնողներ. դերասանուհին կոչ է անում կանգ առնել, սթափվել:

«Հայաստանին պետք չէ պատերազմը: Մենք այն չենք սկսել: Այդ մասին բոլորը գիտեն: Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը: Ես հետևում եմ իրադարձություններին, որոնք շատ արագ են զարգանում: Ավաղ, արդեն զոհեր կան, և նրանց թիվն աճում է: Նայում եմ կամավորների լուսանկարները և ավելի եմ համոզվում, որ մեր ժողովրդի ամենահզոր զենքը եղել է և կլինի հայկական ոգին, իսկ այն հաղթել հնարավոր չէ: Իմ սիրտն այսօր այն մարդկանց հետ է, ովքեր մեկնել են մարտի և նրանց հետ, ովքեր տանն աղոթում և սպասում են նրանց: Աստված, պահպանիր Հայաստանը»,-շեշտեց Սաթի Սպիվակովան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 46 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա

Զրուցեց Իրինա Աբրոյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ