Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները. Եվրախորհրդարանի պատգամավորների անդրադարձը

Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները. Եվրախորհրդարանի 
պատգամավորների անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել լայնամասշտաբ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բոլոր կողմերից կտուժեն մարդիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Միշայել Գալերը:

Տոնինո Պիցուլան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը աշխատել երկու կողմերի հետ էլ:

«Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին` հիմնված ԵԱՀԿ համաձայնեցված 3 սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և հատկապես` ուժի չկիրառում: Կոչ եմ անում միջազգային դերակատարներին` Մինսկի խմբի համանախագահներին, աշխատել երկու կողմերի հետ էլ»,-նշել է Տոնինո Պիցուլան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am