Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Իջևանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 20 անձի

Իջևանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է 
առաջադրվել 20 անձի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ խոչընդոտելով ճանապարհատրանսպորտային երթևեկության բնականոն ընթացքին:

Չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ երթևեկելի մասն ազատելու, տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտող գործողությունները և հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջներին՝ հավաքի մասնակիցների մի մասը վնասել են նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, քարեր նետելով կոտրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչպես նաև՝ ավտոմեքենաների խցանման մեջ հայտնված «Ռենո պրեմիում» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով, ոտքերով, քարերով և ծառերից պոկված փայտերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ նրանց նկատմամբ գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, որի հետևանքով վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ 8-ի նկատմամբ՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 20 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ