Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Սոթքի պեղումները կարող են նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա

Սոթքի պեղումները կարող են նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության 
պատմության մութ էջերի վրա

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն  զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին: Այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի վերնամասում՝ պարզելու համար հնավայրի թվագրությունը եւ շերտագրությունը:

«Ամրոցում հայտնաբերվել են վաղ եւ ուշ միջնադարյան ժամանակաշրջանների հետքեր՝ ամրոցի ներսում գտնված պատերի, ինչպես նաև  սալարկղային գերեզմանների տեսքով: Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին և հավանաբար ծառայել է որպես ճանապարհը հսկող դիտակետ: Այստեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել: Ամրոցը երեք կողմից անառիկ է եւ միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման: Վեց մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ու մինչեւ քսան սանտիմետր խորությամբ բացված մակերեսին գտվել են մոտ մեկ տասնյակ մարդկային կմախքներ, որոնք թաղված են անկանոն՝ առանց համապատասխան կառույցների, հողի մակերեւույթին շատ մոտ: Կարծում ենք, որ սրանով մենք մոտ ենք պատմական մի կարեւոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է:

Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը: Մեծ Մասրիկ գյուղում թուրքերը խաղաղարար բանագնացներ են ուղարկում Սիլիկյանի մոտ, հնազանդության խոստում տալիս, հայկական զորքին աղուհացով դիմավորում: Այնուհետ, թմրեցնելով հայ զինվորների զգոնությունը, նրանց հյուրասիրության են հրավիրում Սոթք գյուղ: Հյուրընկալության ընթացքում, թուրքերը Սամանդ աղայի ցուցումով շրջապատում են տունը եւ դավադրաբար սպանում Սիլիկյանին, նրա եղբորը եւ մյուս հայ զինվորներին: ԽՍՀՄ տարիներին այդ պատմությունը մոռացվում է, սպանվածների թաղման ստույգ տեղը մնում է անհայտ. միայն տեղի հայ բնակչությունն է ավանդաբար հիշում թաղման վայրը: Հնագետների կողմից պեղված թաղվածները երիտասարդ տարիքի տղամարդիկ են: Չի բացառվում, որ  հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմինները»,- ներկայացրեց պեղող հնագետը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ