Գևորգ Պապոյանը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները: «Արմենպրես»-ը Էկոնոմիկայի նախարարի և գործարար համայնքի հանդիպման մասին տեղեկանում է Գևորգ Պապոյնի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
Գրառման մեջ ընդգծվում է, որ քննարկվել են նաև մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։
Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ՝ համակարգային առկա խնդիրների հաղթահարման և միջավայրի բարելավման ուղղությամբ։
«Կարևորեցի մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ոլորտային խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության պայմաններում»,- գրել է նախարարը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ձևավորել մշտական հաղորդակցության հարթակ՝ ոլորտային քննարկումները դարձնելով կանոնավոր և կառուցվածքային։