Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կապսի ջրամբարի վերակառուցման համար նոր գյուղ կկառուցվի. գործադիրը հաստատեց ծրագիրը

Կապսի ջրամբարի վերակառուցման համար նոր գյուղ կկառուցվի. գործադիրը 
հաստատեց ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակում հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսվում է Շիրակի մարզում Կապսի կիսակառույց ջրամբարի վերակառուցման նպատակով նոր գյուղ կառուցել, որտեղ կվերաբնակեցվեն այն քաղաքացիները, որոնց տները ջրամբարի կառուցումից հետո հայտնվելու են ջրածածկ հատվածում:

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորությամբ գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3:

Համաձայն Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի ջրածածկման տակ պետք է մնային  Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի  մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ մենք զրոյից գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է այս ծրագիրը ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլև 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը՝ մասնավորապես Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am