Մշակույթ

Ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, օգոստոսի 24-ին մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն մինչև սեպտեմբերի 1-ը ամեն օր ժամը 19:00-23:00-ն:

Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, բայց, համավարակով պայմանավորված, տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։

«Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի ևս անցկացնել փառատոնը։ Այս տարի 85 երկրից ներկայացված 3 000-ից ավելի հայտից ընտրվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից։ Միջոցառումներից որոշներն անցկացվում են առցանց հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ»,- նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։

Կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, դիմակ դնում, ինչպես նաև պահպանում սոցիալական հեռավորությունը։

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: «Ֆրեսկոյի» հանդիսավոր բացման արարողությունը կայացել է սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա համերգով, այնուհետև համերգին հաջորդել են միջազգային ֆիլմերի դիտումները:

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը և իր ընկերները:

«Ֆրեսկոն» իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում