ՊՆ-ն մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ կանցկացնի ծառայողական քննություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- գրել է Ստեփանյանը։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ, ապատեղեկատվություն է համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում