Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․Շահան Գանտահարյան

Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։  «Արմենպրես»-ի հետ  զրույցում Լիբանանի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցերը նախանշում են Լիբանանի քաղաքական ապամեկուսացումը:

«Օրակարգը թվում է, թե առաջնային կարգով  նոր կառավարության կազմությունն է և դրան ընդառաջ վարչապետի թեկնածության շուրջ միջազգային համախոհություն գոյացնելը։ Փարիզը փորձում է նկատելի վերադարձ կատարել  պատմականորեն մոտիկ անցյալին իր հոգատարության տակ հայտնված երկիր և փորձել ազդեցիկ դեր վերստանձնել՝ համակողմանի բանակցություններ վարելով լիբանանյան հանգուցալուծումների համար»,-նշեց Շահան Գանտահարյանը։ 

Նա նկատեց, որ ճիշտ այստեղ  երևում է Փարիզ-Անկարա մրցակցությունը։ Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում Փարիզն ամրապնդում է իր ներկայությունն՝ ավելացնելով իր ծովուժը, այն  համակարգելով Հունաստանի հետ։ Դա արդեն պարզ զորակցություն է Հունաստանին՝ թուրքական ագրեսիայի դեմ։  Ըստ  Շահան Գանտահարյանի՝ Լիբանանում Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործողությունները կարող են ստանալ համաևրոպական տարողություն, իսկ այս գործում  Փարիզն առաջատար դիրք է զբաղեցնում։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը 170-ից ավելին է, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Վիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Օգոստոսի 8-ից Բեյրութում զանգվածային ցույցեր էին, որոնք հետագայում վերաճեցին անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ