Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը

Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 2-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 4-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով 42 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 4 ղեկավար և 1 աշխատակից, դպրոցների և քոլեջի 6 տնօրեն, 3 փոխտնօրեն և 4 աշխատակիցներ, «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տեղամասի 1 տնօրեն և 1 աշխատակից, ՍՊԸ 1 տնօրեն և 2 աշխատակիցներ, հիմնադրամի 1 տնօրեն, ՀՈԱԿ-ի 1 տնօրեն, բժշկասոցիալական հանձնաժողովի 1 նախագահ և 3 անդամներ, ՎՊՄՀ 1 ամբիոնի վարիչ, 12 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 4 անձի վերաբերյալ 3 քրեական գործ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական պարզվել է պետությանը պատճառված 260.905.234 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (183.499.500 ՀՀ դրամ)  ավելի է շուրջ 42%-ով: Նշված վնասից 23.588.605 ՀՀ դրամը Լոռու մարզի դատախազության անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 4 միջնորդագրեր:

Մարզի դատախազությունը լայնածավալ գործունեություն է ծավալել նաև նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 34 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, անտառների պահպանության, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին: Այս ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ:

Բացի այդ, պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատարանում ավարտված 1 քաղաքացիական գործով բավարարվել է Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված 148.595.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց: Կատարողական թերթիկն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և վերջինիս միջնորդության հիման վրա պարտապանին պատկանող բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի վերաբերյալ Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց։

Լոռու մարզի դատախազությունը և քրեական հետապնդման մյուս մարմինները լուրջ արդյունքներ են արձանագրել քրեական գործերը՝ դատարան ուղարկելու ելքով ավարտելու ոլորտում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 75 քրեական գործ՝ 110 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 156 քրեական գործ (շուրջ 108%-ով ավելի) 168 անձի վերաբերյալ (շուրջ 52%-ով ավելի):

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ