ՀՀ կառավարությունն ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ. Փաշինյանը` Լիբանանին օգնելու մասին
ԵՐԵՎԱՆ 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- գրել է վարչապետը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել սփոփանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը փոխանցել Լիբանանի կարիքների հիման վրա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ ստեղծված խնդիրները հնարավորինս շուտ հաղթահարելու համար:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է Նաղդալյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում