Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ հեռավար քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը

Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ հեռավար քննարկել է իր «Կախարդական 
կոճակներ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է վեբինարների շարք Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում երեխաների հետ անմիջական զրույց է ծավալվում տիկին Սարգսյանի հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդ շրջանակում տիկին Նունե Սարգսյանը երեխաների հետ քննարկել է իր հեղինակած «Կախարդական կոճակներ» գիրքը: Քննարկման ընթացքում նա նաև պատասխանել է 5-10 տարեկան ընթերցողների հարցերին:

«Կախարդական կոճակներ»-ը 2005 թվականին Երևանում լույս տեսած «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Այն հեքիաթ է տասնամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին, ով ցանկանում է աշխարհը փրկել խնդիրներից։

Քննարկմանը մասնակից երեխաները նախ ներկայացրել են իրենց մտքերը բարու և չարի պայքարի մասին, ապա դրվագներ պատմել գրքից: Վեբինարի նպատակն է եղել խրախուսել երեխաներին՝ անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը, սովորել տրամաբանել, աշխատել թիմում և տարբերել չարն ու բարին՝ ըստ իրենց տարիքային պատկերացումների:

Պատասխանելով փոքրիկների հարցերին՝ տիկին Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է լավ ընկերներ ունենալ, մարդկանց հանդեպ լինել բարի ու հոգատար, ձգտել նրանց օգնել: Նա տեղեկացրել է, որ գիրքն ունենալու է շարունակություն, իսկ առաջիկա օրերին հրատարակվելու է իր մեկ այլ ստեղծագործություն՝ «Մրջնակերներ» վերնագրով:

Տիկին Սարգսյանը չափազանց տպավորվել է ինչպես երեխաների արձագանքներից, այնպես էլ գրքի հերոսների կերպարների նմանությամբ նրանց ստեղծած աշխատանքներից՝ պլատիլինից պատրաստված տիկնիկներ ու կոճակներ, նկարներ:

Նշելով, որ գրքում նկարագրված դեպքերը կարծես համընկնում են այսօրվա համավարակի հետ՝ տիկին Սարգսյանը հորդորել է երեխաներին ավելի ուշադիր ու զգույշ լինել և պաշտպանել հիգիենայի կանոնները:

Պատասխանելով իր գրքում նկարագրված՝ Մաքուր քաղաքին վերաբերող հարցին՝ նա մասնավորապես նշել է. «Ես երազում եմ, որ գա այն օրը, երբ մեր Երևանը կդառնա այնքան մաքուր, որքան Մաքուր քաղաքը: Մաքուր պահենք մեր տունը, մեր շքամուտքը, մեր բակը, մեր փողոցը»:

Ակնկալելով, որ նման հանդիպումները շարունակական կլինեն՝ տիկին Նունե Սարգսյանը երեխաներին ուրախ ու առողջ ամառ է մաղթել և կոչ արել շատ գրքեր կարդալ: «Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում, որովհետև դուք ուժեղ և խելացի հայ երեխաներ եք»,- ասել է Նունե Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am