Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Միակ հնարավոր ճանապարհը խաղաղությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը:
Toda mi solidaridad con el pueblo armenio. El único camino posible es la paz. https://t.co/GfjeBx3KHY
— Joan Baldoví ;) (@joanbaldovi) July 23, 2020
Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում իրավիճակի սրացման առնչությամբ իրենց մտահոգություն էին հայտնել նաև Իսպանիայի այլ գործիչներ: Մասնավորապես, իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը «Թվիթեր»-ում նշել էր, որ իրեն անհանգստացում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Նա ընդգծել էր, որ Արցախը Հայաստան է:
Իսպանիայի Contigo (Contigo Somos Democracia) սոցիալ-լիբերալ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Enrique Aguar Vila) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում աջակցություն էր հայտնել խաղաղասեր հայ ժողովրդին՝ ավելացնելով, որ երրորդ երկրների միջամտությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկն էլ «Թվիթեր»-ում գրել էր, որ իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Պատգամավորն ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Լուսանկարը` Europa Press-ի