Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Առցանց ուսուցումից մինչև բիզնես նախագիծ․ հայ երիտասարդները հեռավար ուսուցման գործիք են ստեղծել

Առցանց ուսուցումից մինչև բիզնես նախագիծ․ հայ երիտասարդները հեռավար 
ուսուցման գործիք են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առցանց ուսուցումն ամբողջ աշխարհում օրեցօր ավելի մեծ պահանջարկ է վայելում։ Հայաստանում այն ավելի պահանջված դարձավ արտակարգ դրության օրերին, երբ կրթական համակարգն անցավ հեռավար ուսուցման։ Երիտասարդ հայ ծրագրավորողները ճիշտ պահին կողմնորոշվել են և ստեղծել նոր հարթակ, որը կոչվում է Uteach, և որի միջոցով հնարավոր է ստեղծել սեփական կայք ու դասավանդել և գումար աշխատել։

«Արմենպրես»-ը զրուցել է Uteach հարթակի հիմնադիր, ծրագրավորող Հրայր Շահբազյանի հետ։

Հեռավար ուսուցման պահանջարկը ծնել է բիզնես սկսելու միտք

«Նման նախագիծ անելու միտքն առաջացել էր դեռ վաղուց, որովհետև հաճախ էին զանգահարում ու հետաքրքրվում, թե ինչ կարժենա նման կայքը։ Բայց իրագործել որոշեցի արդեն համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակին ականատես լինելուց հետո։ Բոլորը փակվեցին տանն ու սկսեցին իրենց համար անսովոր տարբերակով շարունակել աշխատանքը։ Մենք էլ անցանք մեր աշխատանքին։ Փորձեցի ստանալ այնպիսի համակարգ, որտեղ մարդը կկարողանա գրանցվել և ունենալ իր սեփական կայքը, որով դասընթացներ կանցկացնի։ Մոտ 2 օր աշխատելուց հետո հասկացա, որ կարող ենք նմանատիպ հարթակ ստեղծել մեր ուսուցիչների համար ևս»,- ասաց Հրայր Շահբազյանը և հավելեց, որ այս գործիքից կարող են օգտվել բոլորը, նաև այն մարդիկ (օրինակ՝ ֆիտնես մարզիչը, դիմահարդարը, լեզվաբանը և այլն), ովքեր ցանկանում են իրենց գիտելիքները կիսել այլ անձանց հետ: Թիմով քննարկել են և որոշել կյանքի կոչել այդ նախագիծը՝ Uteach-ը։

Այսպիսով, ինչպես երիտասարդ ծրագրավորողն ասաց, սա կլինի հարթակ ոչ միայն առցանց ուսուցման համար, ալև ուսուցիչներն այս ստարտափի միջոցով իրենց փոքրիկ բիզնեսը հիմնելու հնարավորություն կունենան։

Հեռավար ուսուցում կազմակերպելու համար մարդուց կպահանջվի մի քանի րոպե

«Եթե աձնը ցանկանում է լրագրություն սովորեցնել, ապա մեր հարթակի միջոցով կարող է ստեղծել օրինակ՝ lragrogh.am կայքը և դասավանդել, ինչի շնորհիվ էլ գումար աշխատելու հնարավորություն է ընձեռվում։

Սեփական կայք ստեղծելու համար հարկավոր է մուտք գործել uteach.io կայք, ապա գրանցվել, ընտրել դոմեն, ինչից հետո արդեն կայքը բոլոր քայլերը հերթականությամբ հուշում է։

Skype-ին ու Zoom-ին փոխարինելու է գալիս հայկական Uteach-ը

«Այս հարթակը բազմաֆունկցիոնալ է։ Մեր ուսուցիչները կամ իրենց գիտելիքները ուրիշներին հաղորդել ցանկացող անձինք կարող են նկարահանել տեսադասեր, հետո գրանցվել Uteach-ում, որոշել անուն, ընտրել կայքի դիզայնը, ապա ներբեռնել տեսադասերը, որոշել դրանց գինը և վարել սեփական բլոգ։ Կայք ստեղծելով՝ հնարավոր է նաև առցանց դասընթացներ վարել։ Այսինքն՝ Skype ու Zoom հարթակներին փոխարինելու է եկել հայկական Uteach-ը։ Մարդը կարող է ստեղծել դասընթացների իր կուրսը, իսկ ուսանողները, աշակերտները կարող են գրանցվել և գնել այն ու սովորել իրենց նախընտրած առարկան կամ մասնագիտությունը»,- ասաց Հրայրը։

Ուսուցիչներն արդեն իսկ փորձարկել են Uteach-ը

Ստարտափի հեղինակն ընդգծեց, որ հարթակն արդեն փորձարկում են ուսուցիչներ, ինչպես նաև որոշ ուսումնական կենտրոններ։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ