Տնտեսություն

ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացմանհամարաշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Միաժամանակ սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են: «Ի սկզբանե նախատեսված է եղել ժամկետ: Օրենքի նախագիծն ընդունելու պահին այդ ժամկետը եղել է 2 տարի, այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ին գործընթացը պետք է ավարտվեր: Սակայն 2017 և 2018 թթ. իրականացված աշխատանքները չտվեցին բավարար արդյունք, և 2019-ի հունվարի 1-ի դրությամբ թվայնացվել էր դեռևս 270 հազար հատ աշխատանքային գրքույկ»,-ասաց Սաիյանը:

Նախարարության նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Սակայն սա ևս բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար, այս ընթացքում շուրջ 125 հազար աշխատանքային գրքույկներ են թվայնացվել:

Այսպիսով` նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նաև սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն իր ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է այդ աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին: Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:

Նախարարության գնահատմամբ՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում