Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Թատրոնը կա և անհամբերությամբ սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը. Կարեն Ներսիսյան

Թատրոնը կա և անհամբերությամբ սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը. Կարեն 
Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այժմ բեմադրում է ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի  «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Ներկայացման փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր բեմադրության մասին Ներսիսյանը մանրամասներ է հայտնում թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

«Մեկուսացման շրջանում մեր թատրոնի՝ պաստառների համար նախատեսված հատվածում հայտնվեց «Ես կամ» գրությունը: Հավանաբար, դա գրել է թատերասերներից որևէ մեկը: Դա իսկապես այդպես է. թատրոնը կա: Սիրելի հանդիսատես, մենք կանք, մենք աշխատում ենք,  նոր ներկայացումների փորձեր ենք իրականացնում և մենք շատ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը»,- նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ աշխատում են չորս նոր ներկայացման վրա՝ փորձերի ընթացքում պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում՝ բակում,  պատշգամբում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ բեմադրում է Դոն Նիգրոյի  «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: «Նա շատ հայտնի ու հետաքրքիր դրամատուրգ է, որի գործերը Երևանում դեռ չեն բեմադրվել:  «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը մարդկային հարաբերությունների, սիրո մասին է, այն մասին, թե կյանքում ինչն է մեզ առաջ մղում, մեզ առաջնորդում են բնազդնե՞րը, գիտակցությո՞ւնը, թե՞ բնությունը: Պիեսում շատ են հումորը, պարադոքսային իրավիճակները: Այն լավ, երջանիկ մարդկանց մասին է, որոնք հայտնվում են հիմար իրավիճակում և փորձում են ելք գտնել»,-պատմեց ռեժիսորը:

Կարեն Ներսիսյանը շեշտեց, որ պիեսը բաղկացած է 11 փոքր նովելից, իսկ ներկայացման մեջ զբաղված է 16 դերասան: Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, որի հետ կարողանում են հետաքրքիր բեմական լուծումներ գտնել, զգեստների հեղինակը երիտասարդ նկարչուհի Գայանե Չոլակյանն է, իսկ խորեոգրաֆը Արիկ Ասատուրյանը:

«Աշխատելիս սիրահարվում ենք նյութին»,-եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ