Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները

Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի 
հայտնի պիեսները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոն-հանդիսատես կապը չկորցնելու, թատրերասերներին  նոր էմոցիաներ պարգևելու նպատակով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա հեռուստաներկայացումներով: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում և Youtube-ի ալիքում շուտով կհեռարձակվեն Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» պիեսների հիման վրա բեմադրված հեռուստաներկայացումները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեռուստաներկայացումների ռեժիսոր Արեն Օսիպյանն ասաց, որ նախագծի գաղափարն առաջացել է համավարակի զարգացման շրջանում: «Մի քանի ամիս է՝ թատրոնի դռները փակ են: Պետք էր մտածել, նախաձեռնել մի ծրագիր, որ հանդիսատեսը չմոռանա թատրոնը: Որոշեցինք համադրել թատրոնն ու կինոն և նոր ձևաչափով՝ հեռուստաներկայացմամբ հանդես գալ»,-նշեց ռեժիսորն ու տեղեկացրեց, որ հեռուստաներկայացումներում զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ Տաթև Պետրոսյանը,  Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Թաթուլ Բոստանչյանը, Վահրամ Խառատյանը, Էդգար Բարսեղյանը: 

Նա հույս ունի, որ հեռուստաներկայացումները դուր կգան մարդկանց: Այդ դեպքում նախաձեռնությունը շարունակական կլինի: Իսկ եթե հանդիսատեսը աշխատանքին ցածր գնահատական տա, կփորձեն նոր բան ստեղծել: Հիմա թիմը կենտրոնացած է այս ծրագրի վրա:

Բացելով հեռուստաներկայացման փակագծերը՝ Օսիպյանը նշեց, որ հետաքրքրությամբ են աշխատել տեսախցիկի հետ. եթե պիեսում նկարագրվում է տեսարան այգում, ապա նկարահանումները իրականացվում են այգում: Վանաձորից  բացի հեռուստաներկայացման նկարահանումներն իրականացվել են նաև Լոռու մարզի գյուղերից մեկում:

Արեն Օսիպյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր արվեստագետ պետք է ամեն պարագայում գտնի աշխատելու ինչ-որ ձևաչափ, տարբերակ: «Եթե սպասենք համավարակի ավարտին,  կդոփենք տեղում: Պետք է նոր լուծումներ գտնել և առաջ շարժվել: Հիմա պետք է ստեղծագործել, հակառակ դեպքում դերասանը կլճանա, ռեժիսորը կլճանա»,-եզրափակեց ռեժիսորը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am