Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի արտաքին գործերի 
նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ: 

Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:

Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն են հայտնել  պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ 

ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը: 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am