Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Արաբկիրը կունենա ժամանակակից ճեմուղի և հեծանվային վազքուղի. մանրամասնում է վարչական շրջանի ղեկավարը 

Արաբկիրը կունենա ժամանակակից ճեմուղի և հեծանվային վազքուղի. մանրամասնում է 
վարչական շրջանի ղեկավարը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանում նոր նախագծերի պակաս չի զգացվում: Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ փուլ առ փուլ վերականգնվում ու բարեկարգվում են կանաչ տարածքները, առաջ են քաշվում ժամանակակից լուծումներով նոր նախագծեր, որոնք դառնալու են վարչական շրջանի կարևոր ենթակառուցվածքներից: Օրերս շրջանառվող նոր նախագծերից է ժամանակակից ճեմուղի և հեծանվային վազքուղի կառուցելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց մանրամասներ՝ անդրադառնալով այլ կարևոր նախագծերի ևս:

-Պարոն Դանիելյան, օրերս տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմին փողոց նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի,  հեծանվային վազքուղի։ Մի փոքր կմանրամասնեք, ի՞նչ խնդիր է լուծելու այս նախագիծը, ինչո՞ւ ընտրվեց հենց այդ տարածքը, ի՞նչ տեսք ու ենթակառուցվածքներ են լինելու: 

-Ժամանակակից ճեմուղի,  հեծանվային վազքուղի կառուցելու գաղափարն առաջացել է դեռ ձմռանը: Հերթական շրջայցի ժամանակ այդ հատվածում ականտես եղա կենցաղային, շինարարարական աղբակույտերի: Տարածքն այնպիսին է, որ մշտապես այդ հատվածը դժվար է աչքի առաջ ունենալ և անընդհատ հետևել, որ բնակիչները չտանեն ու աղբով չլցնեն  տարածքը: Եվ քանի որ կառուցվածքով նեղ ու երկայնակի ձգվող հատված է դա, լավագույն լուծումը կլիներ ճեմուղու կառուցումը։  Ճեմուղու կառուցումը մի քանի խնդիր է լուծում: Նախ այն, որ թե՛ Արաբկիրում, թե՛ Երևանում քիչ են ճեմուղիները, իսկ դրանց առկայությունը շատ ցանկալի կլինի մեր բնակիչների համար, թե տեղաշարժի հարմարավետության, թե հանգիստ անցկացնելու, քայլելու, զբոսնելու առումով: Դրանից բացի ճեմուղին մեկ այլ խնդիր է լուծելու: ԱԽաչատրյան, Մամիկոնյանց, ՀԷմին և հարակից փողոցների բնակիչները, ովքեր տրանսպորտից օգտվելու խնդիր ունեն, Կոմիտասի պողոտա հասնելու համար, ստիպված են լինում անցնել միջբակային ճանապարհներով՝ շրջանցելով մի քանի շենքեր: Հիմա ճեմուղով հանգիստ զբոսնելով՝ կհասնեն կանգառներ և նույն ճանապարհով կվերադառնան: Դրանից բացի, Հ Էմին փողոցի  վրա գտնվում է  Հայ-ռուսական համալսարանը, որի հազարավոր ուսանողներ ստիպված են հաճախել դասի՝ անցնելով  բնակելի շենքերի բակերի միջով՝ որոշակիորեն հարուցելով նաև բնակիչների դժգոհությունը։

Նախատեսվում է նաև, որ ճեմուղուն հարակից որոշ հատվածներում կունենանք միասնական նախագծով կառուցված ժամանակակից տաղավարներ՝ տնտեսական գործունեություն իրականացնելու համար։  Տաղավարների տրամադրման նախապատվությունը պատրաստվում ենք տալ նախևառաջ այն կրպակատերերին, ովքեր մեզ հետ համագործակցելով գլխավոր պողոտաների մայթային և կանաչապատ հատվածներից  հեռացրել են կամ կհեռացնեն ժամկետանց և քաղաքաշինական առումով խնդրահարույց կրպակները։ 

-Որքա՞ն գումար է նախատեսված ծրագրի համար: Բացառապես պետական միջոցների հաշվի՞ն է իրականացվում, թե մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

-Ներկա պահին պատվիրված են նախագծանախահաշվարկային աշխատանքները, մինչև դրանք չկատարվեն, հստակ արժեքի մասին չենք կարող խոսել: Շատ մոտավոր հաշվարկներ կան, սակայն ճիշտ կլինի սպասենք նախագծանախահաշվարկային աշխատանքների ավարտին: 

Ասեմ, որ աշխատանքներն արվելու են մեր վարչական շրջանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վարչությունների համապատասխան մասնագետների համատեղ ջանքերով: Որոշակի փուլում հնարավոր կլինի դիտարկել նաև ներդրումային առաջարկներ: Եթե նույնիսկ չլինեն ներդրումային առաջարկներ և այդ ծախսը մնա համայնքային բյուջեի վրա, ապա այդ տարբերակը ևս ընդունելի է։ Մինչև հաջորդ տարվա բյուջեի քննարկումը կավարտենք նախագծանախահաշվարկային աշխատանքները, որից հետո կառաջարկենք ընդգրկել  2021թ բյուջեի շրջանակում իրականացվելիք ծրագրերի ցանկում ։ Ծրագրի հաստատման դեպքում, ինչի հույսն ունենք, ծավալն այնպիսին է, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է ավարտել և արդեն 2022 թվականին ունենալ այդ ճեմուղին: Ի դեպ, այդ տարածքի հարակից հատվածի հետ կապված կա մեծ նախագիծ ևս, որն անակնկալ է։ Այս պահին փակագծերը դեռ չենք բացի, ասեմ, որ շատ սպասված է լինելու բնակիչների համար: Այդ անակնկալն ու ճեմուղին զուգորդելու խնդիր կա: Հիմա մասնագիտական խմբերն աշխատում են այս երկու նախագծերի վրա, որպեսզի գտնեն դրանց զուգորդման ճիշտ լուծումը: Ուզում եմ ընդգծել Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի պատրաստակամությունն այս գործընթացներում: Քաղաքապետը մեծապես նպաստում է, որպեսզի այսպիսի նախագծերը կյանքի կոչվեն: Ընդհանրապես, համագործակցությունը Երևանի գլխավոր ճարտարապետի, փոխքաղաքապետերի և ավագանու անդամների հետ արդյունավետ և դինամիկ աշխատանքի հնարավորություն է ստեղծում։

-Վերջերս ևս մեկ հետաքրքրիր նախագծի մասին տեղեկացրեցիք: Խոսքը Կոմիտաս 49/9 հասցեում մոտ 30 կրպակի ապամոնտաժման և տեղի պուրակին նոր շունչ հաղորդելու մասին է: Ի՞նչ աշխատանքներ են նախատեսված այդ հատվածում: 

-Այդ հատվածի կրպակների ապամոնտաժումը դեռ նախորդ տարվա բանակցությունների արդյունք է։ Երբ տվյալ հատվածի տնտեսվարողի հետ խոսելու, բացատրելու արդյունքում սեփականատերն ընդունեց, որ նախկին ձևաչափով այլևս արդիական չէ աշխատելը և նման գործունեությունը ժամանակավրեպ է, ընդառաջ գնաց մեր առաջարկին և  իր միջոցներով ապամոնտաժեց կրպակները: Կան հետաքրքիր նախագծեր, որոնք կյանքի են կոչվելու այդ հատվածում, որոնց մասին զրուցելու առիթ դեռ կունենանք, երբ կհստակեցվեն բոլոր պայմանները, ասելիքները որոշակի կլինեն: 

-Պարոն Դանիելյան, այս տարի նկատվում է կանաչապատման, կանաչ տարածքների վերականգնման ակտիվ գործընթաց: Այդ և ընդհանրապես կանաչ տարածքները պատշաճ ոռոգելու հետ կապված ի՞նչ աշխատանքներ են տարվում: Նախորդ տարի խնդիր կար ոռոգման հետ կապված, տարածքներ կային, որ օրեր շարունակ չէին ջրվում: 

-Ոռոգման գործընթացի առաջնային խնդիրներից մեկը ոչ բավարար չափով ջրի ճնշումն է: Նույնիսկ այն ջրագծերը, որոնք գտնվում են շատ, թե քիչ լավ վիճակում, չեն կարողանում ջրի հոսք ապահովել: Օրինակ, մետրոյի Բարեկամության կանգառի մոտից դեպի Հրաչյա Քոչար փողոց ջուրը մատակարարելու համար չի բավականացնում ջրի ճնշումը և չի ստացվում ապահովել պատշաճ գործընթաց՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունը:  Իրավիճակը փրկելու համար հաճախ ստիպված ենք լինում ոռոգումն իրականացնել ջրցան մեքենաների միջոցով, որոնք, միևնույնն է,  չեն կարողանում տապի պայմաններում լիարժեքորեն հագեցնել հողի ծարավը։

Ի դեպ Արաբկիրում ջրի ճնշման հետ կապված խնդրի պատճառներից մեկն էլ  ջրի ոչ բավարար մատակարարումն է։ Դեռ տարիներ առաջ պլանավորել էին Հրազդանի կիրճում  պոմպակայան կառուցելով՝ Արաբկիրում լուծել ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը։

Կարծում ենք, որ այստեղ համակարգային մոտեցում է պետք, նաև սկզբունքների փոփոխության անհրաժեշտություն կա, սակայն դա ապագայի ծրագիր է և բավական մեծ ռեսուրսներ է պահանջում: Արաբկիրում նախորդ 30 տարիներին ոռոգման համակարգում լուրջ փոփոխություններ չեն արվել, և ոռոգման ցանցը գտնվում է խիստ մաշված վիճակում: Այդուհանդերձ, նախորդ տարի այդ ուղղությամբ որոշակի ծավալով աշխատանքներ իրականացվել են: Ի դեպ, 2019 թ կատարված աշխատանքի ծավալը համարժեք է դրան նախորդող 4 տարիների աշխատանքի հանրագումարին: Այնուամենայնիվ, խնդիրը շատ հատվածներում մնում է բաց: Հատկապես խնդրահարույց են սեփական տները,  շենքերի բակերը, մանկապարտեզների տարածքներն ու հարակից հատվածները։ Կանաչ տարածքների հիմնանորոգման և պահպանման ծրագրի շրջանակում այս տարի իրականացվում է Հակոբ Հակոբյան փողոցի ջրագծերի ամբողջական փոխարինում։ «Արաբկիր» զբոսայգու շուրջ 3 հա տարածքի համար ևս կայացել է հիմնանորոգման և ջրագծերի փոխարինման մրցույթ։ Ամփոփելով ոռոգման հարցը՝ նշեմ, որ, ըստ իս, կաթիլային ոռոգումը ապագայում այլընտրանք չունի։

-Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում եղած տարբեր հրապարակումների տակ քաղաքացիները պարբերաբար բարձրացնում են բակերի բարեկարգման հարցը: Վարչական շրջանը ի՞նչ ծրագրեր ունի նախտեսած այս ուղղությամբ և ո՞ր հատվածներում: 

- Բակերը պետք է իրապես ենթարկվեն արմատական, հեղափոխական փոփոխություններիդա շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ հենց բակերում են ձևավորվում միջանձնային հարաբերություններն ու մարդկային առողջ շփումները։ Ժամանակին յուրաքանչյուրս որոշել ենք ինչ-որ բան մերը դարձնել՝ լինի տարածք կամ ավտոտնակ և այսօր ունենք այն, ինչ ունենք։  Բակի բարեկարգում ասվածը ես շատ ավելի լայն եմ պատկերացնում, քան մեկ ճոճոնակ կամ  նստարան տեղադրելը։ Մենք պետք է ունենանք հանրային համաձայնություն այն հարցի շուրջ, որ երկաթե ավտոտնակները, ցանկապատերը պետք է դուրս գան՝ հնարավորություն տալով ստեղծել այն հաճելի միջավայրը, որից հավասարապես օգտվելու են բոլորը ։ Բակային տարածքների բարեկարգման հետ կապված մոտեցումների փոփոխություններ են լինելու: Առաջնահերթությունը տրվելու է այն բակերին, որոնց բնակիչները պատրաստ կլինեն իրենց ներդրումն ունենալ բակերի բարեկարգման գործում: Այստեղ ոչ այնքան կարևոր է ներդրման չափը, որքան վերաբերմունքը: Այսինքն՝ հնարավոր է աշխատանքների ընդհանուր ծավալի 5-10 տոկոսը բնակիչները հոգան, բայց դրանից հետո իրենք ավելի սրտացավ կլինեն իրենց ներդրած գումարների, արած աշխատանքի նկատմամբ: Սա կօգնի, որպեսզի չունենանք այնպիսի պատկեր, ինչպիսի ունենք այսօր, երբ 2015, 2016, 2017 թվականներին բարեկարգված բակերի մեծ մասում այնպիսի վիճակ է, կարծես այնտեղ ոչինչ չի արվել: Կարծում ենք, որ եթե բնակիչներն ունենան սեփական, թեկուզ փոքր լուման, հետագայում ավելի հոգատար կլինեն իրենց ընդհանուր սեփականության նկատմամբ։

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ