Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր մրցանակի

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր 
մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մոլիեր» թատերական 32-րդ մրցանակաբաշխությանը Աբգարյանին մրցանակ են հանձնել «Դյու Սոլեյ» թատրոնում ներկայացված «Էլեկտրան՝ գետնախորշերից» («Électre des bas-fonds») բեմադրության համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:

1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի:

Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզում՝ հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դպրոցում սովորել է ֆրանսերեն և հայերեն: Ինը տարեկանում մեկնել է Բեյրութ, որտեղ սովորել է պարել «Լոռի» պարային համույթում: 1977-ին հայրը մեկնել է պատերազմ, և 15-ամյա Սիմոնը մոր հետ վերադարձել է Փարիզ, որից հետո տեղափոխվել Նյու Յորք և շարունակել պարել: Նա սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում: 1985 թվականին վերադարձել է Փարիզ և 8 տարի համագործակցել «Du Soleil» թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Խաղացել է հունական կատակերգություններում: 1993 թվականին կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: 2009-ին կերտել է Միսակ Մանուշյանի դերը «Հանցագործների բանակը» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ», «Ճշմարտություն Չարլիի մասին», «Արամ», «Այո» , «Կազինո Ռոյալ», «Պերսեպոլիս», «Օձը», «Թարգմանություն», «Շիվա», «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին», «Սպի», «Խենթ պատմություն»  և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001 թվականին «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am