Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թորոսյանը իրավիճակի շտկման բանալին է համարում հակահամաճարակային կանոնների պահպանումը

Թորոսյանը իրավիճակի շտկման բանալին է համարում հակահամաճարակային 
կանոնների պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի շտկման բանալին հակահամաճարակային երեք կանոնները պահելու մեջ է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Կարծես թե, ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքի, երբ հարաբերականորեն քիչ թեստեր էին արվել, տատանվում է մոտ 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել: Դա, կարծում եմ, որ մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է նաև, երբ մեր քաղաքացիները, անսալով իշխանությունների, վարչապետի, ԱՆ-ի կոչին, ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ, ավելի շատ տեղերում, ավելի շատ իրավիճակներում, ավելի հաճախ սկսեցին լվանալ իրենց ձեռքերը և ավելի շատ իրավիճակներում փորձեցին պահել սոցիալական հեռավորությունը: Եվ միայն դրանում է, և մենք ենք զգում իրավիճակի շտկման բանալին: Նույնիսկ այս կայուն վիճակի, լավ իմաստով, «մեղավորը» մեր կանոնները պահպանելն է»,-ասաց նախարարն ու կոչ արեց պահել կանոնները:

Թորոսյանը մեծապես կարևորեց արձանագրվող թվերի նվազեցումը: Նա նշեց, որ  նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում վարակված անձանց ինչ-որ տոկոս, որը բարեբախտաբար Հայաստանում դա դեռ փոքր է, դժբախտաբար մահանում է: «Այսինքն, մենք գիտենք, որ եթե այսօր արձանագրվել է 320 դեպք, ապա, դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի և պատշաճ բուժօգնության արդյունքում, միևնույն է, այդ քաղաքացիներից մոտ 1.6 տոկոս մահանալու է, այսինքն՝ օրինակ 5-6 հոգի մահանալու է այս քաղաքացիներից: Հենց դրանով է պայմանավորված, որ կարևոր է ոչ միայն պատշաճ բուժօգնութուն մատուցելը, այլ նաև այդ թվերը փոքրացնելը, որ ունենանք քիչ մահացություն»,-ասաց նախարարը:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք: 

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am