Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Թուրքիան ասպատակում է արաբական աշխարհը

Թուրքիան ասպատակում է արաբական աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեոօսմանական քաղաքականություն որդեգրած Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին լուրջ ջանքեր են գործադրում արաբական աշխարհի երկրներում իրենց ռազմական ներկայությունը, ազդեցությունը մեծացնելու, երբեմն էլ՝ ուղղակիորեն բռնազավթելով հարեւան Սիրիայի ու Իրաքի տարածքները, դրանց նկատմամբ տարածքային հավակնություններ են դրսեւորում։ Ավելին, երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան նպատակամղված է Իդլիբ նահանգը դարձնել անվտանգության գոտի, ապա, իր հայեցողությամբ, ուժերը տեղաբաշխել այնտեղ։ Անկարան, հանուն իր ծավալապաշտական նպատակների արդարացնելով բոլոր միջոցները, համագործակցել է ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ դարիշականների ու «Ալ նոսրայի» հետ՝ հաշվի չառնելով պաշտոնական Դամասկոսի դժգոհություններն ու բողոքները։ Ավելին, մասնակցելով Աստանայի գործընթացին, ջանք չի խնայում քրդերի՝ բանակցային ցանկացած գործընթացին մասնակցելու ճանապարհը փակելու ուղղությամբ։

Սիրիայում Անկարան ի սկզբանե ջանքեր էր գործադրում ծայրահեղական «Մուսուլման եղբայրներ» («ՄԵ») կազմակերպությանը իշխանության բերելու, ինչը չհաջողվեց։ Սակայն 2015—ից Անկարան սկսեց «ՄԵ»—ի առնչությամբ համագործակցել այդ կազմակերպությանը հովանավորող Կատարի հետ, որտեղ ապաստան էին գտել Եգիպտոսից վտարված «ՄԵ»—ական առաջնորդները։ Հանգամանք, ինչն առիթ դարձավ, որ Թուրքիան իր ազդեցությունը մեծացներ էներգակիրներով հարուստ այդ երկրում, ունենար նաեւ ռազմական ներկայություն։ Եվ, ահա, «ՄԵ»—ի շրջանակներում, փոխհարաբերությունների սերտացմամբ պայմանավորված, 2015 թ. հոկտեմբերին Կատարում սկսեց աշխատել Թուրքիայի առաջին ռազմաբազան, որը հետագայում Թուրքիա—Կատար համատեղ ուժերի հրամանատարություն անունն ստացավ։ 2017 թ. հունիսի 5—ին Կատարի եւ արաբական 4 երկրի՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի միջեւ առաջացած դիվանագիտական ճգնաժամից հետո, Դոհա—Անկարա փոխհարաբերություններն էլ ավելի սերտացան։ Որոշ մեկնաբաններ նույնիսկ նշում են, թե ստեղծվել է նոր առանցք, որը ջանքեր է գործադրում արաբական երկրներում տարածելու իր ազդեցությունը, իսկ իրականում Թուրքիան, օգտվելով էներգակիրներով հարուստ այդ երկրի հնարավորություններից, ներթափանցում է արաբական աշխարհ, ինչպես օրինակ՝ Թունիս, Լիբիա եւ Արեւմտյան Ասիայի ու աֆրիկյան այլ երկրներ։

Ապա հերթը հասավ Լիբիային... Թուրքիայի վերջին արկածախնդրությունները վերաբերում են Իրաքին, որի հյուսիսային հատվածը մերթընդմերթ ռմբակոծության է ենթարկել PKK—ականների դիրքերը ոչնչացնելու նպատակով՝ ոտնահարելով Բաղդադի ինքնիշխանությունը։ 2013 թ. Էրդողանի եւ PKK—ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի միջեւ «խաղաղության» պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի շրջանակներում, զինյալներին զինաթափելով՝ ուղարկում էր Իրաք, ինչպես բազմիցս նշել է Բաղդադը՝ առանց վերջինիս տեղյակ պահելու կամ հարցը քննարկելու։ Սակայն «խաղաղությունը» երկար չտեւեց, եւ Անկարան վերսկսեց քրդերի դեմ ռազմական գործողությունները, ինչը թերեւս անհրաժեշտ էր նաեւ այն պատճառով, որ կարողանար պայքարել Սիրիայի հզորացող քրդական կազմակերպությունների դեմ։ Իսկ այժմ Իրաք «գործուղած» PKK—ականներին Իրաքի հյուսիսում ոչնչացնելու նպատակով լայնածավալ երկու գործողություն է իրականացրել ցամաքայինների ու օդուժի մասնակցությամբ՝ հունիսի 15—ին, «Արծվի մագիլներ» գործողությամբ այդ երկրում խորանալով մինչեւ 193 կիլոմետր։ Հաջորդ օրը Բաղդադում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրաքի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։ Այդ գործողությունները խիստ քննադատել է նաեւ երկրի խորհրդարանը։

Անկարան, փաստորեն, անտեսելով դա, հունիսի 17—ին էլ ավելի լայնածավալ գործողություններ է իրականացրել Իրաքի հյուսիսում, այս անգամ էլ՝ «Վագրի ճիրաններ» անունով։ Թուրքիայի դեսպանը կրկին հրավիրվել է Իրաքի ԱԳ նախարարություն, եւ առավել խիստ դատապարտող բողոքի նոտա է նրան ներկայացվել։ Իսկ Իրաքի զինված ուժերի խոսնակը շեշտել է, որ այլեւս թույլ չեն տա դա կրկինվի, միաժամանակ նշել, որ Թուրքիային պատասխանելու են դիվանագիտությամբ։ Թուրքիայի գործողությունները դատապարտել են նաեւ ԱՄԷ—ն եւ արաբական երկրների խորհրդարանը։ Ի պատասխան՝ Անկարան երեկ հայտարարել է, թե ավելի շատ ռազմական բազաներ է ստեղծելու Իրաքում։ Արաբական աշխարհում տիրող առկա տարաձայնություններն առայժմ նպաստավոր հող են ստեղծել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների համար։

 

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]