Մերկել` ԵՄ-ն բախվել է իր պատմության ամենամեծ մարտահրավերին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրոպական միությանը (ԵՄ) արագորեն համաձայնեցնել բազմամյա բյուջեն և հատկացնել տնտեսական վերականգնման ֆոնդ՝ ԵՄ թույլ տնտեսություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերի խոսքերը մեջբերել է BBC-ն:
Մերկելը Գերմանիայի խորհրդարանում ելույթում նշել է, որ շատ կարևոր է ԵՄ երկրների համախմբվածությամբ ու համերաշխությամբ հանդես գալը՝ հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական վնասները:
«Համաճարակը ցույց տվեց, թե դեռևս որքան խարխուլ է եվրոպական նախագիծը: Համախմբվածությունն ու համերաշխությունը երբեք այնքան կարևոր չեն եղել, որքան այսօր»,- ընդգծել է կանցլերը:
Նա նաև հավելել է. «Ավելի պարզ ասած` համաճարակը և դրա բերած տնտեսական անկումը Եվրոպայի պատմության ամենամեծ մարտահրավերներն են»:
Գերմանիան հուլիսի 1-ից սկսում է ԵՄ իր վեցամսյա նախագահությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում