Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ. Մնացականյանը՝ Լավրովի հետ հեռախոսազրույցների մասին

Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ. Մնացականյանը՝ Լավրովի հետ 
հեռախոսազրույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցների թեմային, նշեց, որ այդ զրույցների ընթացքում քննարկվում են հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք ունեցել ենք առնվազն երեք հեռախոսազրույց, որոնք հրապարակվել են, բայց միայն այդ զրույցներով չի իրականացվում հայ-ռուսական դիվանագիտական գերատեսչությունների միջև երկխոսությունը: Մեր օրակարգն այնքան լայն է, և մենք այնքան բան ունենք խոսելու: Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ, ԱԳՆ-ի մասով ունենք մեր ծավալը, մենք ունենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում համագործակցության բավական մեծ ծավալ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը՝ նախարարը նշեց, որ սխալ ըմբռնում կա, թե հեռախոսազրույցները նվիրված են լինում միայն հանրության շրջանում ուշադրության արժանացած թեմաներին:

«Այն ընկալումը, որ եղել է զարգացում, որը հասարակության ուշադրությունն է գրավել, և մեր զրույցը միայն դրան պետք է նվիրված լինի, սխալ ընկալում է, որովհետև մեր զրույցը բավական ծավալուն է, և այն շատ կանոնավոր է: Ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից խոսելու կարիք ունենանք տարբեր հարցերի շուրջ»,- նշեց նախարարը:

Ապրիլի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները: Դրանք ենթադրում են փուլային կարգավորում:

Ի պատասխան Սերգեյ Լավրովի հայտարարության, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ 2014-ին առաջարկված տարբերակը բանակցային փաստաթուղթ չէ. «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- նշել է Մնացականյանը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am