Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ

Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ Էրդողանի իշխանության հիմքերը խարխլվում են։ Ընդդիմությունն ու Էրդողանի նախկին մտերիմների՝ նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի եւ նախկին վարչապետ Ահմեդ Դավուդօղլուի հիմնադրած կուսակցություններն ավելի հաճախ են խոսում արտահերթ ընտրությունների մասին։ Փաստորեն, վերջիններս կոալիցիա են կազմել եւ իրենց կողմն են ձգում հենց իշխող կուսակցության ընտրողներին։ Ավելին, AKP—ի անդամ որոշ հայտնի գործիչներ՝ խորհրդարանի անդամներ, միանում են նորաստեղծ կուսակցություններին։ Անգամ հնարավոր է, որ Թուրքիայի խորհրդարանում ստեղծվի նորաստեղծ կոալիցիայի խմբակցություն։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տնտեսական համակարգը եւս տարբեր պատճառներով վատթարացման միտում ուներ մինչեւ կորոնավիրուսի համավարակը, իսկ արդեն դրա հետեւանքներով պայմանավորված, փորձագետների կարծիքով, այդ երկրի տնտեսության հիմքերն էլ օր օրի երերուն են դառնում։ Ոչ միայն որեւէ ներդրում չի կատարվում, այլեւ կապիտալի մեծ արտահոսք է արձանագրվում։ Ազգային արժույթի արժեզրկումն ավելի է խորացել համավարակի պայմաններում, ինչը կասեցնելու նպատակով պետական բանկերը ֆինանսական շուկա են ներարկել 600 միլիոն դոլար, ինչի արդյունքում այն ներկա դրությամբ հարաբերականորեն դոլարի նկատմամբ կայունացել է։ Մինչդեռ, մասնագետների կարծիքով, եթե Անկարային չհաջողվի արդյունավետ միջոցառումներով կասեցնել ազգային արժույթի արժեզրկումը, ապա այս հարցում մեծ կորուստ կունենա արդեն ընթացիկ տարվա ամռանը։

Ստեղծված իրավիճակից ուշադրությունը շեղելու նպատակով, ըստ երեւույթին, Անկարան ձգտում է ամեն գնով հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում։ Հանգամանք, ինչի արդյունքում Էրդողանն առնվազն ժամանակ կշահի, որպեսզի ելքեր փնտրի գերծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այս առնչությամբ, թերեւս, Էրդողանը մեծ խաղադրույքներով հույսեր է կապում Լիբիայում հաղթանակ գրանցելու հետ։ Երկիր, որտեղ ներքին բախումներն 9 տարի է, ինչ շարունակվում են եւ գլխավորապես պայմանավորված են օտարերկրյա շահերի հակընթացություններով՝ հիբրիդային բնույթ կրելով, իսկ 2014—ից ի վեր այստեղ երկիշխանություն է տիրում։

Սակայն Լիբիայի հակամարտության մեջ առավելապես ներքաշված է Թուրքիան, որը բազմակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերել Արեւելքին՝ վարչապետ Ֆաիզ Սարաջին, այդ թվում՝ Սիրիայի պատերազմի թոհ ու բոհում կոփված ու վարժեցված 10 հազար սիրիացի զինյալով։ Բացի այդ, Տրիպոլիի երկինքը վերահսկել են թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Հանգամանք, ինչի արդյունքում Տրիպոլին լուրջ հաջողություններ է արձանագրել, ինչը արաբ վերլուծաբան Աբդուլբարի Ատունը համարում է «Էրդողանի հաղթանակը»։ Մայիսի 5—ին Անկարայում ԷրդողանՍարաջ հանդիպումը, ինչպես նշում է Ատունը, հաջողության նշումն էր եւ ապագա ռազմական գործողություների քննարկումը։ Ըստ ԶԼՄների՝ պետք է վերահսկողություն սահմանեն Թարհունահ քաղաքի վրա, ինչպեսեւ առաջ շարժվեն ու հասնեն վերջնական հաղթանակի՝ իշխելով ողջ Լիբիայի վրա։ Անկարայում ԷրդողանՍարաջ համատեղ մամուլի ասուլիսին վերջինս հայտարարել է, թե պատերազմը շարունակվելու է մինչեւ ողջ Լիբիայի «ազատագրումն» ու այդ երկրի «ժողովրդավարությանն» սպառնացողների վերջնական ոչնչացումը։ Միաժամանակ նա շեշտել է, թե հակառակ կողմի հետ բանակցություն չի լինելու։ Սարաջը նաեւ Էրդողանին շնորհակալություն է հայտնել Լիբիային ու նրա ժողովրդին աջակցելու, ինչպեսեւ երկրի օրինական կառավարությանը պաշտպանելու համար։

Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Մեջերկրականի ափերին նավթի ու գազի արդյունահանության արտոնություն ստանալ Լիբիայից, ինչը, անշուշտ, խիստ կարեւոր է ոչ միայն տնտեսական առումով։ Ահա թե ինչու նա անդրադարձել է նաեւ այդ հարցին՝ շեշտելով, թե պետք է կանխել Լիբիայի ժողովրդին պատկանող նավթի ապօրինի վաճառքը։ Թեեւ առերեւույթ թվում էր, թե Լիբիայի հարցում Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ համաձայնության գալ, սակայն որոշ վերլուծաբաններ խոսում են Լիբիայում ռուսթուրքական համաձայնության մասին։ Սակայն հազիվ թե դա հանգեցնի Լիբիայի հարցի կարգավորմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

e.begijanyan@hhpress.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am