Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Հայաստանի էներգահամակարգն անվտանգության հետ կապված խնդիր չունի

Հայաստանի էներգահամակարգն անվտանգության հետ կապված խնդիր չունի

Եթե հակիրճ բնութագրելու լինենք Հայաստանի էներգահամակարգի կառուցվածքը, ապա այն բաղկացած է արտադրող էլկայաններից, էլցանցային ընկերություններից, գազային ընկերությունից, ինստիտուտներից։ Խորհրդային շրջանից մենք բավականին լավ համակարգ ժառանգություն ստացանք՝ սարքավորումների, մասնագիտական կազմի տեսանկյունից։ Բոլոր հզորությունները համապատասխանում էին տվյալ ժամանակաշրջանի պահանջներին։ Հետխորհրդային շրջանը ժամանակակիցներս լավ ենք հիշում։ Էներգետիկան երկրի տնտեսության սիրտն է։ Թե ինչ է լինում առանց համակարգի նորմալ աշխատանքի, զգացինք էներգետիկ ճգնաժամի տարիներին։

Ու հենց այդ տարիները նաեւ սովորեցրին մեզ՝ մտածել էներգետիկ անկախության ու անվտանգության մասին։ Ու մենք աշխարհում աննախադեպ քայլեր արեցինք, օրինակ՝ ատոմակայանի վերագործարկումը, որ զարմացրեց լավագույն մասնագետներին անգամ։ Հետո զարգացման ծրագրեր մշակեցինք, կայուն համակարգ ունեցանք, ընդլայնման քայլեր արեցինք՝ աստիճան առ աստիճան բարձրացնելով երկրի էներգահամակարգի որակը։ Դա շատ կարեւոր ներդրում էր մեր անկախությունը պնդացնելու գործում, քանզի էներգահամակարգը այն ոլորտն է, որը շատ կարեւոր է երկրի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական անվտանգության համար։ Եվ ինչքան կայուն էներգահամակարգ, այնքան կայուն զարգացում։ Սա էլ իր հերթին շատ կարեւոր է ճգնաժամային իրավիճակներում դիմակայելու տեսակետից։

Համավարակի այս օրերին, բնականաբար, մեզ հետաքրքրում է՝ ինչ վիճակում է էներգահամակարգը։ Չէ՞ որ հասկանալի պատճառներով սահմանների փակ լինելու հետեւանքով համակարգում որոշ նորոգման աշխատանքներ ձգձգվել են։ Դա, արդյոք, անվտանգային խնդիր չի՞ ստեղծի։ Նաեւ՝ այս ընթացքում շատ ձեռնարկությունների չաշխատելու պատճառով էլէներգիայի սպառումը նվազեց. ֆինանսական կորուստներն ինչքանո՞վ կազդեն էներգահամակարգի վրա։

Պարզաբանումների համար «ՀՀ»—ն դիմեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։ «Եթե ընդհանուր առմամբ խոսենք, ապա լուրջ խնդիրներ չունենք»,–ի պատասխան շեշտեց նա։ «Մասնավոր խնդիրներ, ինչ խոսք, ունենում ենք,–միաժամանակ հավելեց Հակոբ Վարդանյանը,–այո, նաեւ ձեր ասած սպառման նվազումը կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել, բայց նույնիսկ սրա մասին կարող ենք խոսել տարեվերջին, տվյալների ամփոփումից հետո։ Համենայնդեպս, այս պահին դա տեխնիկական խնդիրներ չի առաջացնում»։

Ինչ վերաբերում է նորոգումների ձգձգումներին, ապա, ՏԿԵՆ էներգետիկայի գծով տեղակալի խոսքով, «այդ ձգձգումները նորմատիվների սահմաններում են», այսինքն՝ մայիսի համար պլանավորված նորոգումը, կորոնավիրուսով պայմանավորված (երբ մատակարարումներ չեն եղել), մեկ ամսով հետաձգվել է, բայց դա նորմատիվի, ընդունված թույլատրելի միջակայքի, չափանիշների սահմաններում է։ «Այնպես չէ, որ շարունակել ենք շահագործել առանց որեւէ հիմքի»,–ընդգծեց Հակոբ Վարդանյանը։

Եվ շեշտադրելով եզրափակեց, որ «այս որոշակի ձգձգումները էներգահամակարգի համար անվտանգային խնդիր, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ չեն առաջացնում»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ