Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի դեպք է արձանագրվել

Կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի 
դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դժբախտաբար, ունեք Կավասակիի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,- գրել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, նախարարությունը կանխավ պահեստավորել է հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

«Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Մյուս բոլորին, թե' մեծահասակներին, թե' փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը»,- նշել է նախարարը:

Թորոսյանը հավելել է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

Հիվանդությունն առաջին անգամ անգլիական բժշկական գրականությունում նկարագրվել է 1967թ.-ին ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակիի կողմից (հիվանդությունը կոչվել է նրա անունով): Նա նկարագրեց մի խումբ երեխաների, որոնք ունեին ջերմություն, մաշկի ցան, կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր), էնանթեմա (բկանցքի և բերանի խոռոչի կարմրություն), ձեռքերի և ոտնաթաթերի այտուցվածություն, պարանոցային ավշահանգույցների մեծացում: Սկզբից այս հիվանդությունը կոչվել է մաշկա-լորձաթաղանթային և ավշային հանգույցների համախտանիշ։ Մի քանի տարի անց, նկարագրվեցին սրտի կողմից բարդություններ՝ կորոնար զարկերակների անևրիզմաների ձևով (սիրտն արյունամատակարարող անոթների լայնացումներ):
Կավասակիի հիվանդությունը սուր համակարգային վասկուլիտ է, այսինքն, այն արյունատար անոթների պատերի բորբոքում է, որն էլ կարող է հանգեցնել մարմնի ցանկացած միջին չափի, հիմնականում կորոնար զարկերակների լայնացումների՝ անևրիզմաների առաջացմանը: Երեխաների մեծամասնությունը ունենում է հիվանդության միայն սուր շրջանի նշաններ, առանց սրտային բարդությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am