Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն անցել է աշխատանքի

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն անցել է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարի հրամանով, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը օրեր առաջ անցավ բնականոն աշխատանքի։ Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գործում է բացառապես գիտական բաժինը, ցուցասրահները փակ են։

«Մեզ համար մտահոգիչ էր այն, որ երկու ամիս շարունակ չէին մշակվում արխիվները, գիտական աշխատանքը կաթվածահար էր եղել։ Թանգարանի կանոնադրական թիվ մեկ գործառույթը արխիվների մշակումն է։ Այլ բան է, որ վերջին տարիներին բարի անուն վաստակեցինք մեր մշակութային միջոցառումներով»,–նշում է Կ. Վարդանյանը։ Թանգարանի տնօրենը մտահոգված է՝ թանգարանի ցուցասրահների տոմսերի վաճառքից գոյացած գումարը փակում էր կառույցի ծախսերի մի մասը։ Տոմսերի վաճառքով էին ձեռք բերում արխիվային տուփերը, ծրարները. «Սա լուրջ աշխատանք է, ամեն փաստաթուղթ իր կրիչը պետք է ունենա։ Անհրաժեշտ նվազագույնը պետությունն ապահովում է, մնացյալը ինքդ պետք է ստեղծես։ Իսկ մեր գործունեության շրջանակները որքան ընդլայնվում են, նույնքան ծախսն ավելանում է. էլէկտրաէներգիա, գազ, ինտերներտ։ Այս խնդիրները դեռեւս լուծվում են անցած տարվա տոմսերի վաճառքի միջոցներով»։

Կ. Վարդանյանն ասում է՝ այս տարվա մասով չգիտի, թե երբ կվերականգնվեն այցելուների հոսքերը։ Այդ միջոցներով էին ապահովում նաեւ գիտական բաժինների բնականոն աշխատանքը։ Ցուցադրական հատվածը բացելու մասին դեռեւս խոսք չկա, այցելուներ չեն ընդունելու, դահլիճը փակ է։ «Սա ոչ թե խնդիր է, այլ մեզ նման կառուցների համար՝ ողբերգություն։ Արտաբյուջետային միջոցներով առաջնային շատ հարցեր էին լուծվում։ Թանգարանն ունի 5 մասնաճյուղ իրենց անհամար խնդիրներով՝ ջեռուցման համակարգ, տանիք, այգիներ, որոնք ամենօրյա խնամք են պահանջում։ Այս խնդիրները նույնպես լուծվում են անցած տարվա տոմսերի վաճառքի միջոցներով»։ Տնօրենը նկատում է՝ այս տարի ակնկալիքներ չունեն զբոսաշրջիկների մասով։

Գրականության եւ արվեստի թանգարանի հիմնական այցելուները եղել են դպրոցականներն ու բուհի ուսանողները։ Ցուցադրության հատվածը, մասնավորապես, գրականությանը նվիրված երկու սրահի հայեցակարգը մշակվել է՝ ձեռքի տակ ունենալով հանրակրթական դպրոցների եւ բուհերի բանասիրական բաժինների գրականության ծրագրերը. «Վերջին երեք հարյուր տարիների գրական գործիչները ներկայացված են, եւ բուհերի ուսանողները ցուցադրությունը դիտում են ոչ միայն որպես գեղագիտական ցուցադրություն, այլ նաեւ որպես օժանդակ ձեռնարկ։ Երբ դասերը սկսվեն, պիտի փորձենք վերականգնել հիմնական այցելուների հոսքը։ Չի կարելի մեր թանգարանը դիտարկել մյուս թանգարանների նման։ Գրականության եւ արվեստի թանգարանի գործի բնույթը ավելի մոտ է մատենադարանին եւ ազգային արխիվին»։

Այս պահին թանգարանի մոտ 25 աշխատակից վերադարձել է բնականոն աշխատանքի։ Նրանց թվում են՝ գիտաշխատողները, ֆոնդապահները, սպասարկող կազմը։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ բազմամարդ հավաքները դեռեւս արգելվում են, ինչպե՞ս է թանգարանում երկու տասնյակից ավելի աշխատակից աշխատում հարցին ի պատասխան Կ. Վարդանյանն ասաց. «Մայր թանգարանում 45 հոգի են՝ հաշվապահություն, սպասարկող կազմը, 4 գիտական բաժին՝ գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն, յուրաքանչյուր բաժնում 3—4 հոգի եւ համապատասխանաբար 4 ֆոնդ, ամեն ֆոնդում էլ՝ 2 ֆոնդապահ։ Աշխատանքի են հրավիրվել գիտական բաժինների եւ ֆոնդերի աշխատակիցները։ Ցուցասրահները փակ են, եւ այդ հատվածի աշխատակիցները դեռեւս չեն աշխատում։ Ամեն սենյակում առավելագույնը երկու կամ երեք հոգի են։ Մենք խնդիր ունենք պարետատան կողմից սահմանված անվտանգության միջոցներն ապահովելու առումով, ինչը մինչ այս պահը մեր ուժերի ներածին չափով արել ենք։ Կառավարությունը նվազագույն ծախսերը միշտ ապահովել է եւ հիմա էլ է ապահովում։ Համավարակի ամիսներին էլ ենք վարձատրվել նույն չափով, շենքերի պահպանման ծախսերի հիմնական մասը պետությունն ապահովում է»։

Ցուցասրահները բացելու անհրաժեշտություն Կ. Վարդանյանը տեսնում է, բայց ասում է՝ այցելու չի գա, եթե գա էլ՝ չեն ընդունի։ «Նրանց եւ մեր առողջության մասին ենք մտահոգվում։ Ցավալին այն է, որ մեզ համար հաճելի աշխույժ կենդանի մթնոլորտը չկա։ Գործը կարանտինի օրերին մեր այցելուներին ցույց ենք տալիս օնլայն հարթակում՝ նկարների եւ գրառումների միջոցով»,–եզրափակեց գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենը։

 

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ